Արարատ Միրզոյանը պետք է ասի, թե որ ուսումնասիրությունների վրա է հիմնվում. թուրքագետ

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Թե ի՞նչ ուսումնասիրությունների վրա հենվելով է նման հայտարարությամբ հանդես եկել նախարարը՝ պարզ չէ: Այսօր այդ հարցի պատասխանը ճշտելու մեր բոլոր փորձերը դեռևս անարդյունք են. նախարարի խոսնակը մեր հեռախոսազանգերին կամ չէր պատասխանում, կամ էլ հնչում էր՝ «բաժանորդն անհասանելի է»:

Այդուամենայնիվ հիշեցնենք՝ ցայսօր թեմայի և կոնկրետ այդ հարցի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունները փաստում են հակառակը՝ ՀՀ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, չեն ցանկանում, որ հարաբերություններ հաստատվի Թուրքիայի հետ: Ավելին՝ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի տարեվերջյան հարցումների արդյունքով, օրինակ, Հայաստանի «բնակիչները» մեր պետության ամենամեծ սպառնալիքը համարել են (հարցվածների 90%-ը) Թուրքիան և (77 տոկոսը) Ադրբեջանը, իսկ ըստ «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիայի» (Gallup International Аssociation) Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» (MPG) ընկերության երևանյան վերջին հարցումների՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը դեմ են հարցվածների 62,2 տոկոսը:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին, սակայն, չի զարմացրել նախարար Միրզոյանի հայտարարությունը:

168.am-ի հետ զրույցում թուրքագետը հիշեցրեց, որ բազմիցս նշել է, որ իր տպավորությամբ՝ ՀՀ այս կառավարությունն աշխատում է Հայաստանի պետության և ժողովրդի դեմ:

«Իրենք, արդեն երկար ժամանակ է՝ պնդում են, թե մանդատ ունեն և կարող են անել ինչ ուզում են, որովհետև ժողովուրդն է իրենց ընտրել, բայց մանդատ, որի վրա իրենք հենվում են, ընտրելու իրավունք ունեցողների 20 տոկոսն է միայն: Չնայած դա իրենք ցույց են տալիս՝ որպես 70 տոկոս, բայց դա ընտրության մասնակիցների 70 տոկոսն է, իսկ ընտրելու իրավունք ունեցողների 20 տոկոսը, այսինքն՝ մոտ 600 հազար մարդ»,- նշեց Տիրան Լոքմագյոզյանը՝ վստահեցնելով, որ անգամ այդ 600 հազար ընտրողների մեծ մասը զղջացել է իր ընտրության համար:

Թուրքագետը, այդուհանդերձ, կարծում է, որ Արարատ Միրզոյանը պետք է ասի, թե որ ուսումնասիրությունների հիման վրա է ասում, որ ժողովուրդը, ընդհանուր առմամբ, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, միևնույն ժամանակ՝ շեշտում, որ ինքը կարող է վկայել ճիշտ հակառակի մասին:

«Հետաքրքիրն այն է, որ ամբողջ տարածաշրջանը վառվում է, ամեն տեղ պատերազմ և պատերազմի վտանգ կա, սակայն ՀՀ իշխանությունները խաղաղության դարաշրջանի մասին են խոսում, անգամ մեր թշնամին չի խոսում խաղաղության մասին,- ասում է Տիրան Լոքմագյոզյանը՝ հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտնի կոչը Բաքվի շքերթից, թե «Հայաստանը պետք է խելքի գա», այսինքն՝ եթե հայերն իրենց պահանջներն անում են, այն ժամանակ միայն կլինի հարաբերական խաղաղություն»:

Թուրքագետն իրավիճակից ելքը համարում է իշխանությունների վրա ճնշում գործադրելով նրանց հեռացնելը, սակայն նշում է՝ նման ճնշումն իրականացնող ուժ կամ մարդ չկա. «Այդ ճնշումը կատարող միակ ուժը կարող էր լինել բանակը, բայց այսօր մեր բանակի ողջ ղեկավարությունը նույն դավաճանական դիրքի մեջ է: Ես բացահայտ հայտարարում եմ, որովհետև տեսնում են դավաճանություններն ազգի ապագայի նկատմամբ, և ձայն ու ծպտուն չեն հանում՝ այնինչ իրենց պարտականությունն է՝ պաշտպանել երկրի ամբողջականությունը, բայց ինչ-որ չինովնիկների ձեռքով այդ ամբողջականությունը խաթարված է, մեր հողերը տրվում են թշնամուն, իսկ մեր բանակը լուռ նստած է:

Այստեղ, դժբախտաբար, մենք սովորելու շատ բան ունենք հենց մեր թշնամի թուրքերից, որովհետև Թուրքիայում ամբողջ հանրապետության շրջանում բանակը միշտ եղել է իր դիրքում և պաշտպանել է երկիրը, երկրի ամբողջականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս