Բաժիններ՝

Ամբողջ տարածքը «մաքրել», դասերն ընդհատել են Նիկոլի այցի համար

Այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում բացվելու է «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը», որի պաշտոնական բացմանը մասնակցելու է, այլ խոսքով՝ կարմիր ժապավենը կտրելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Թեև կենտրոնի բացումը նախատեսված է ժամը 16։00-ին, սակայն համալսարանի ողջ աշխատակազմին՝ աշխատանքից, այդ թվում՝ ուսանողներին՝ դասերից, մի քանի ժամ շուտ հրահանգվել է լքել համալսարանի տարածքը։ Անձնակազմը և ուսանողները ստիպված ընդհատել են դասերը, աշխատանքը և դուրս եկել համալսարանից։

168.am-ին համալսարանի մեր աղբյուրները փոխանցեցին, որ նույնիսկ ամբիոնների վարիչներին է հրահանգվել լքել համալսարանը, սա՝ այն դեպքում, երբ նախկինում նման կենտրոնների բացման արարողություններին մշտապես, որպես հարգանքի նշան՝ ամբիոնների վարիչներին, դասախոսական կազմին, մասնագետներին էին հրավիրում մասնակցելու։ Ավելին՝ այսօր նույնիսկ ամբողջ համալսարանի տարածքում մարդ չեն թողել, նախապես «մաքրել» են, որպեսզի շենքի ներսում ևս ստուգումներ անցկացնեն և մինչև Նիկոլ Փաշինյանի ժամանումն ապահովեն «պատշաճ» դիմավորումը։

Ի դեպ, համալսարանի շրջակայքում՝ ոստիկանների կողմից «տարածքի մաքրման» արդյունքում, ժամը 13:30-14:00-ի հատվածում արդեն Կորյուն, Աբովյան փողոցների խաչմերուկներում խցանումներ էին առաջացել:

Ժամը 14:30-ին արդեն նշյալ հատվածներում «մաքրման» աշխատանքները գրեթե ավարտել էին:

Հիշեցնենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը 2019թ. հաղթող էր ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որի համար հատկացվել էր ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: ««Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի»  ստեղծմամբ ակնկալում ենք նոր թափ հաղորդել Ալցհեյմերի հիվանդության, աուտիզմի և կաթվածի ուղղությամբ տարվող ուսումնասիրություններին՝  բարձրացնելով դրանց որակը»,- ասել էր ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս