«Սառը» շփումներ՝ Կրեմլի, ինտենսիվ շփումներ՝ Արևմուտքի հետ. ինչի՞ է նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանը

Ուկրաինական ճգնաժամում աշխարհաքաղաքական կենտրոնների և հատկապես Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ուժային հավասարակշռությունների հնարավոր փոփոխման ֆոնին ուշագրավ է հետևել՝ ինչպես եվրասիական գոտու, դրան մոտ գտնվող բոլոր երկրների վերադիրքավորումներին, այնպես էլ՝ հատկապես բուն հարավկովկասյան երկրների արտաքին քաղաքական «շարժումներին»:

Բնականաբար, դրանք ներկայումս պայմանավորված են Ուկրաինայում ռազմական իրավիճակի և Ռուսաստանի, այսպես կոչված, ռազմական օպերացիայի ընթացքի գնահատականով: Այս փուլում բոլոր հեղինակավոր վերլուծաբանները գտնում են՝ ռազմադաշտում Ռուսաստանը չի հասնում իր նպատակներին այնպես, ինչպես ծրագրել էր այս պատերազմական «օպերացիան» սկսելիս, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների տապալման և հետևաբար՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում հետսովետական տարածքում ՌԴ դերակատարության էական նվազեցման: Այնուամենայնիվ, սա իրավիճակային գնահատական է, և նոր աշխարհակարգում ՌԴ դերն ավելի հստակ կուրվագծվի ուկրաինական ելքից հետո:

Ուկրաինական ճակատում տեղի ունեցողի զարգացումների ֆոնին՝ Հայաստանի համար հետաքրքրական է հետևել՝ հատկապես Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական որոշումներին: Պակաս ուշագրավ չեն նաև Ռուսաստանի ուկրաինական «զբաղվածության» ընթացքում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական շփումները:

Լինելով ՌԴ ռազմավարական դաշնակիցը և հետսովետական տարածքում ՌԴ-ից ամենամեծ կախվածություն ունեցող երկրներից մեկը՝ ՀՀ իշխանություններն ուկրաինական պատերազմում չեն աջակցում կողմերից և ոչ մեկին՝ դրսևորելով ընդգծված չեզոք դիրքորոշում:

Հայաստանից առանձնապես չկան նաև բարձրաստիճան հեռախոսազանգեր Ռուսաստան, ինչը ևս համարվում է որոշակի վերաբերմունքի դրսևորում: Ի տարբերություն ռուսական ուղղությամբ ՀՀ իշխանությունների այս փուլի սառնությանը, Նիկոլ Փաշինյանը գերակտիվ շփումների մեջ է ՀՀ արևմտյան գործընկերների հետ: Չնայած Ռուսաստանում որոշ շրջանակներ ակնկալում են Հայաստանից դաշնակցային լոյալության ցուցադրություններ, Նիկոլ Փաշինյանն ուկրաինական պատերազմի ընթացքում հասցրել է շփումներ ունենալ՝ ինչպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ (և՛ հեռավար, և՛ ուղիղ՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում), Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Նշենք, որ այս օրերին կայացել էր նաև Բայդեն-Էրդողան հեռախոսազրույց, որի ընթացքում ամերիկյան կողմը շնորհակալություն էր հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորման փորձերի համար: Փաշինյանը շփումներ է ունեցել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ի դեպ, հարկ է նաև նկատել, որ ՀՀ կառավարության շենքում և հատկապես Նիկոլ Փաշինյանի ընդունարանում ամենաշատը հյուրընկալվող դեսպանն Անդրեա Վիկտորինն է:

Ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ հենց այս ընթացքում սրվեց ռազմական իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին՝ առարկայացնելով Երևանի և Բաքվի «խոսակցությունը» Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցի շուրջ, որի նպատակով էլ ՀՀ-ն, չգիտես՝ ինչու, դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այս փուլի ռազմական սրացման հետևանքով, ըստ էության, Արցախի բնակչությունը, արդեն մեկ շաբաթից ավելի է, հումանիտար աղետի շեմին է, քանի որ զրկված է բնական գազից, ռուս խաղաղապահ կոնտինգենտը տեղյակ է, ըստ որոշ տեղեկությունների՝ ռուսական կողմը վարում է բանակցություններ, սակայն ապարդյուն: Սակայն նույնիսկ այս հարցը հայ-ռուսական բարձրաստիճան որևէ շփում նախաձեռնելու պատճառ չի դարձել: Այս թեմայով քիչ չեն փորձագիտական քննարկումներն ու կարծիքները․ շատերը կարծում են, որ այս թեմայով որևէ զանգ Մոսկվա՝ Հայաստանից զիջումներ ստանալու պատճառ է դառնալու: Ոմանք գտնում են, որ հարցն այնպիսի հումանիտար կարևորություն ունի, որ պետք է զանգել, ոմանք գտնում են, որ աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում զանգը Մոսկվա շատ ավելի թանկ գին է ունենալու: Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները նման զանգ անելու հարցում ամենևին չեն շտապում:

Պատերազմի ընթացքում հայ-ռուսական բարձրաստիճան շփումները սահմանափակվել են Փաշինյան-Պուտին միակ հեռախոսազրույցով, որը կայացել է պատերազմի մեկնարկից մոտավորապես մեկ օր անց՝ փետրվարի 26-ին, երբ նույն օրը տեղի ունեցավ Պուտին-Ալիև հեռախոսազրույց, այս շփումները, ամենայն հավանականությամբ, կայացան ռուսական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես նաև մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարարն իր Թուրքիա կատարած առաջին այցի ընթացքում հանդիպեց Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Թեև այս հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան, այսպես կոչված, կարգավորման բոլոր ասպեկտները, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում: Չավուշօղլուն նաև նշեց․ «Պատերազմ է եղել, օկուպացիա է եղել, բայց ամեն ինչ ավարտվել է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն»։

Թուրքիան, ըստ էության, համարում է, որ ինքը կարող է լինել երրորդ կողմ, իսկ Ռուսաստանը՝ ոչ: Ռուսաստանի աշխարհաքաղաքական պարտության կանխատեսումներով ոգևորված տարածաշրջանային բոլոր երկրները փոփոխությունների են դիմում արտաքին քաղաքական հարցերում, մեր տարածաշրջանում գլխավորապես Թուրքիան պատրաստվում է ավելի մեծ դերակատարության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ: Սակայն այդ հարցը կորոշվի մի փոքր ուշ, երբ կավարտվի պատերազմն Ուկրաինայում, ու Ռուսաստանը դրանից դուրս կգա իր համար դրական կամ բացասական հետևանքներով:

Տեսանյութեր

Լրահոս