Չինաստանում հայտարարել են, որ միակողմանի պատժամիջոցները միայն սրում են հակասությունները
Չինաստանը կշարունակի կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հաշտության բանակցությունների առաջխաղացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման գործում: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
«Չինաստանը յուրովի կշարունակի կառուցողական դեր խաղալ լարվածության նվազեցման, հաշտության բանակցությունների առաջխաղացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման գործում»,-հայտարարել է Վան Լին, որի խոսքը մեջբերում է ՉԺՀ-ի ԱԳՆ-ն: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի ճգնաժամի պատճառը հակասությունների սրումն է Եվրոպայի անվտանգության ոլորտում, որոնք կուտակվել են տեւական ժամանակաշրջանում, եւ «Եվրոպայում երկարաժամկետ կայունության ձեռքբերման համար անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը երկխոսություն վարեն իրավահավասարության հիման վրա եւ ձեւավորեն անվտանգության հավասարակշռված, արդյունավետ եւ կայուն համակարգ»:
«Միակողմանի պատժամիջոցները միայն դժվարացնում են իրադրությունը եւ սրում հակասությունները: Փոխգործակցությունը եւ կոնսուլտացիաներն արեւելյան երկրների քաղաքական իմաստությունն ու դիվանագիտական ավանդույթն են, եւ այն գործով է ապացուցել իր արդյունավետությունը»,-ընդգծել է Վան Ին:
Իր հերթին Մարսուդին Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հայտարարել է, որ Ինդոնեզիան պնդում է մյուս երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը, կոչ է անում՝ շուտափույթ դադարեցնել ռազմական հակամարտությունը եւ համապատասխան կողմերին երկխոսության է հորդորում հանուն իրադրության ապաէսկալացման եւ հումանիտար ճգնաժամի կանխման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: