«Սյունիքի հարցում ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան չլուծված խնդիրներ ունի». Շիրազ Խաչատրյան

Կապանից դեպի Ճակատեն, ապա Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհն ուղղակի լուծում է գյուղերն իրար կապելու խնդիր, ոչ ավելին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։

«Հասկանում եմ, որ դա ևս կենսական խնդիր է այս փուլում, բայց կարելի էր մի փոքր դժվարություններով, մի փոքր ավելի ծախսով Կապանից դեպի Ճակատեն այնպիսի ճանապարհ կառուցել, որ այն թշնամու կողմից անմիջական դիտարկման տիրույթում չլիներ: Բայց այս իշխանությունները հեշտ, հապճեպ լուծումների կողմնակից են՝ չմտածելով երկարատև ռազմավարության մասին: Որքան հիշում եմ՝ Կապանից Ճակատեն և մնացած գյուղեր տանող ճանապարհը պետք է անցներ Կապան-Գեղանուշ հատվածով, որը հիմա էլ գրունտային ճանապարհ է, և թշնամու անմիջական դիտարկման տակ չէ:

Իսկ Կապանից Ծավ գյուղ թշնամուց անզեն աչքով դիտարկվող ճանապարհահատվածը Կապան-Ճակատեն ճանապարհն էր, և նորը կառուցել նախկին ճանապարհի զուգահեռ գծով՝ մի քանի հարյուր մետր հեռավորությամբ, ուղղակի անմտություն է: Մեզ պետք են անվտանգ ապահով նոր ճանապարհներ։ Այսօր ապահով ճանապարհային հաղորդակցությունը ոչ միայն պետք է մեր բնակչության, այլ նաև միջազգային փոխադրողների համար: Հիշում եք՝ մենք նման խնդիրներ ունեցանք Շուռնուխ-Որոտան-Քարահունջ մայրուղու հատվածում, ու հիմա, երբ զրոյից կառուցում ես ճանապարհ, առանց անվտանգային նվազագույն խնդիրներ լուծելու, ապա ոչ միայն ծախսարդյունավետությունդ է զրոյի վերածվում, այլ նաև բնակչությանդ անվտանգության խնդիրն ես ռիսկի տակ դնում:

Կասեք, որ միայն այդ ճանապարհահատվածը չէ, որ թշնամու անմիջական դիտարկման տիրույթում է, այլ Կապան-Սյունիք գյուղ, Կարմրաքար-Շուռնուխ-Որոտան ճանապարհատվածները, Տավուշում ևս բազմաթիվ հատվածներ կան: Բայց, երբ զրոյից ես կառուցում ճանապարհ, ունես տարբերակներ, պետք է կառուցես այնպիսի անվտանգ հաղորդակցություն, որ կատարածդ ներդրումը և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ կտրվածքով լինի արդյունավետ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից Գորիս-Կապան միջպետական մայրուղին փակվեց, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, որպես այլընտրանքային՝ առաջարկեց Կապան-Սյունիք գյուղ-Տաթև կամ Տաթև-Աղվանի-Կապան գրունտային ճանապարհը, Շիրազ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հնարավոր լարվածության, բախումների ժամանակ դա չի կարող իր նպատակին ծառայել։

«Առաջին՝ Կապանից Սյունիք գյուղ ճանապարհն ադրբեջանցիների անմիջական դիտարկման տիրույթում է՝ ուղիղ գծով ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երկրորդ՝ կա ավելի ապահով ճանապարհ՝ Տաթև-Վերին Խոտանան-Առաջաձոր-Կապան գրունտային ճանապարհը, որը, իմ կարծիքով, ավելի ապահով է։ Նույնը վերաբերում է մայրուղու մեկ այլ խնդրահարույց հատվածի՝ Որոտան բնակավայրի ուղղությանը։ Նշեմ, որ այդ ուղղությամբ ևս այլընտրանքային ճանապարհ կա՝ Որոտան-Շինուհայր-Տաթև, Որոտան-Գորիս հատվածները, որոնք գտնվում են շատ վատ վիճակում: Այս երկու ուղիները պետք է պահել առաջնային լուծման խնդիրների շարքում»,- շեշտել էր նա:

Սակայն, ինչպես վերևում նշեցինք, Նիկոլ Փաշինյանը գնում է հեշտ լուծումների հետևից:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրել էր այլընտրանքային ճանապարհի վտանգավորությունը:

«Այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհն էլ անմիջապես ադրբեջանական տեղակայման տակով է` առանց անվտանգության երաշխիքների:

Ադրբեջանական զինված տեղակայումներն այս հատվածներում ուղիղ սպառնալիք են առաջնահերթ Կապանի, բայց նաև մեր ողջ երկրի համար, ողջ բնակչության կյանքի ու անվտանգության համար: Նրանք ունեն նաև այլ տեղակայումներ և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արման Թաթոյանը:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությանը, թե Սյունիքի հատվածում ադրբեջանական զինուժի և տեխնիկայի կուտակումներ կան, ռազմական փորձագետ Շիրազ Խաչատրյանը դրանք համարեց հակասական:

«Բայց հետևելով ադրբեջանական պաշտպանական գերատեսչության և լրատվական կայքերի լրահոսին, տեսնում ենք, որ և՛ Նախիջևանի հատվածում, և՛ Սանասարի ու Կովսականի շրջաններում ադրբեջանական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների կազմով պարբերաբար զորավարժություններ են անցկացնում տեխնիկայի և անձնակազմի տարբեր թվաքանակով։ Դե, զորավարժությունների խաղարկման նպատակն էլ արդեն բոլորի համար է պարզ»,- ասաց ռազմական վերլուծաբանը:

Այս համատեքստում Շիրազ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ չբացառեց ադրբեջանական սադրանքների հավանականությունը Սյունիքում և դրա շուրջ:

«Սադրանքներ միշտ էլ հնարավոր են, Սյունիքի հարցում ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան միշտ էլ չլուծված խնդիրներ ունի: Թյուրքական աշխարհի ստեղծման գլխավոր խոչընդոտը մնում է Սյունիքը: Սա ո՛չ հեքիաթ է, ո՛չ հորինված գաղափար, այդ մասին միշտ խոսել է և՛ Էրդողանը, և՛ Ալիևը: Նրանք միշտ էլ խոսել են «պատմական Զանգեզուրի» վերադարձի մասին և նշել՝ «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, և այլն։ Այդ առումով արդեն պարզ է, թե թշնամու կողմից ինչ հավակնություններ կան Սյունիքի հարցում։ Այլ հարց է, թե ինչպիսի աշխարհաքաղաքական դասավորումներ են տեղի ունենում տարածաշրջանում, և ինչ խնդիրներ են փորձում լուծել պետությունները։ Եթե զարգացումներն ու իրավիճակը թուրք-ադրբեջանական տանդեմի համար հասնեն «նպաստավոր» կետի, նրանք կօգտագործեն այդ պահը»,- ընդգծեց փորձագետը:

Ըստ նրա՝ այս փուլում նման նախադրյալներ դեռևս չկան։ Փոքր սադրանքներ այս կամ այն հատվածում, իհարկե, կարող են լինել, սակայն լայնամասշտաբ գործողությունների հավանականություն և՛ Արցախում, և ՛ Սյունիքում քիչ հավանական է:

«Տեսնում ենք նաև, որ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև քաղաքական ու դիվանագիտական մակարդակով «հարաբերությունների կարգավորման» ինչ-որ փակ գործընթացներ են տեղի ունենում, դրանց ընթացքից էլ է շատ բան կախված՝ սահմանային լարումներ կլինե՞ն, թե՞ ոչ»,- եզրափակեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս