Բաժիններ՝

Մարդկային հարաբերությունների մեջ սիրո, ներողամտության դրսևորումը կարևոր է

Ժամանակի հարահոս ընթացքում լրացել են Տեր Խորեն քահանա Մարուքյանի հոգևոր ձեռնադրության երեսուն տարիները, ինչը նրան խորհելու, անելիքն ու արվածը գնահատելու առիթ է:

– Ծնվելով հոգևորականի ընտանիքում՝ այնուամենայնիվ ընդունվեցիք հիդրոմելորացիայի ֆակուլտետ։ ինչպե՞ս եղավ, որ հետագայում ընտրեցիք հոգևորականի ուղին:

– Դպրոցն ավարտելուց հետո հայրս, որ հայտնի է իր հոգևոր գործունեությամբ և երկար տարիներ Գևորգյան ճեմարանի տեսուչն էր, հորդորեց, որ ընդունվեմ ճեմարան, ուսումնառությունս շարունակեմ այնտեղ: Անկեղծ ասած, այս պահին չեմ կարող ասել, թե որն էր չհամաձայնելուս պատճառը: Գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո սկսվեց հետաքրքիր շրջադարձի սկիզբը, երբ որպես ինժեներ էի աշխատում ջրային տնտեսությունում։ Հավատացյալ աշխատակից կար, որն իմանալով քահանայի որդի լինելս, սկսեց Նոր Կտակարանից, Աստվածաշնչից հարցեր տալ։ Իհարկե, որոշակի պատկերացում ունեի, բայց հարցերից կեսին չկարողացա պատասխանել: Ամոթանք տվեց, որ քահանայի որդի լինելով՝ այդքանը չգիտեմ: Դա պատճառ դարձավ, որ սկսեմ կարդալ Աստվածաշունչը, և Աստված խոսեց սրտիս հետ։ Որոշեցի կրթությունս շարունակել Գևորգյան ճեմարանում։ Հետաքրքիրն այն էր, որ բարձրագույն կրթություն ունեցողների համար այդ տարի բացվեց քահանայից լսարան: Հայրիկս՝ տեր Հովհաննեսը, շատ ուրախացավ, երբ իրեն հայտնեցի հոգևորական դառնալու մտադրությանս մասին: Երկու տարի ուսանելուց հետո ձեռնադրվեցի:

– Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ համար և՛ ուսուցիչ, և՛ օրինակ է եղել միայն Ձեր հայրը:

– Այո՛: Թե՛ որպես ուսուցչի և թե՛ որպես հոգևորականի կերպար է եղել հայրս: Այն բոլոր առաքինությունները, որ կան իմ մեջ, ժառանգել եմ իմ ծնողներից, հատկապես՝ մայրիկիցս։ Քեռիս՝ Խորեն Մեխանեջյանը, ևս իր դրական ազդեցությունն ունի իմ ձևավորման հարցում:

– Քահանայության երեսուն տարին բավական ժամանակ է՝ խորհելու, գնահատելու… Ինչպիսի՞ն էր այդ ճանապարհը:

– Երեսուն տարվա ընթացքում եղել եմ Արմավիրի թեմի քարոզչական կենտրոնի տնօրենը, ճեմարանում ծավալել եմ մանկավարժական յոթը տարիների գործունեություն, որը համընկավ կիրակնօրյա դպրոցների բացման կարևորագույն ընթացքի հետ։ Վերջին քսան տարում հոգևոր գործունեություն եմ ծավալում Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում։

– Տե՛ր Խորեն, որո՞նք են հոգևորականի համար անհրաժեշտ հատկանիշները: Ի՞նչն է շատ կարևոր։

– Կարծում եմ, որ հոգևորականի համար կարևոր են ոչ միայն իր խոսքն ու քարոզչությունը, այլ նաև կենցաղավարությունը: Մարդկային հարաբերությունների մեջ սիրո, ներողամտության դրսևորումը կարևոր է, այդ թվում՝ հոգևորականի առաքինությունները՝ խոնարհությունը, հնազանդությունը, բարեպաշտությունը։ Մարդիկ սկզբում դա են տեսնում, այնուհետև՝ ուշադրություն դարձնում քարոզիդ: Եթե լավ քարոզես, բայց այդ ամենը չունենաս, կնմանվես փարիսեցիներին, որոնց մատնանշում էր Քրիստոս: Աստծո լույսը, ներկայությունը պիտի երևա քո կենցաղավարության ու խոսքի, պահվածքի մեջ։

– Որո՞նք են Հայ Եկեղեցու ներկայիս մարտահրավերները:

– Ինձ համար կարևոր մարտահրավերը հավատի կյանքի բացակայությունն է՝ քրիստոնեական հավատքը կյանքի վերածելու, պատվիրանները պահելու ներքին պահանջի բացակայությունը: Ի վերջո, բոլորը չէ, որ. «Տե՛ր, տե՛ր են կանչում, պիտի փրկվեն»: Մյուս մարտահրավերը տարբեր երկրներից ներմուծված կրոնական կազմակերպությունների առկայությունն է, որը վտանգավոր է՝ հոգևոր միաբանության առումով:

– Ի՞նչ կավելացնեք մեր զրույցի ավարտին:

– Ցանկանում եմ, որ Աստված ինձ ավելի շատ իմաստություն տա: Իմ քահանայական ուխտի, հոգևոր ծառայության մեջ ավելի ամրապնդվեմ ու գոտեպնվեմ, հաջողեմ քարոզչական գործունեության մեջ: Դավթաշենի համայնքին էլ մաղթում եմ շինություն, ամուր և հզոր հավատք:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս