Համաճարակը չի թողնում անել այն նախագծերը, որոնք մտածել ենք. Նկարիչների միության նախագահ
Մարտի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Կրկնակի մատրիցա» ցուցահանդեսը, որը կգործի մինչև մարտի 19-ը: Ներկայացված է 17 արվեստագետի շուրջ 75 աշխատանք:
Հայաստանի Նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի գաղափարը Լեո Վարդանյանինն է:
«Ուրախ եմ, որ իմ աշխատանքներով մասնակցում եմ այս ցուցահանդեսին, որին մասնակցում են շատ հետաքրքիր արվեստագետներ, ովքեր իրենց արվեստում առնչություն ունեն լուսանկարչության հետ: Աշխատանքներիս շարքը կոչվում է «Ստվերներ»: Իմ որդու ձեռքերն են, որոնց միջոցով մենք տարբեր ստվերներ ենք ստանում: Ես լուսանկարում եմ, ապա այդ լուսանկարներից արդեն յուղաներկով նկարում իմ աշխատանքները»,- ասաց Նկարիչների միության նախագահը:
Շատ հաճախ նկարիչները նշում են, որ դժվարանում են Հայաստանում վաճառել իրենց գործերը, և հետո պետական աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի դրսի համար հետաքրքրություն առաջացնեն՝ գան, գնեն: Այդ ուղղությամբ ինչ-որ աշխատանքներ տարվո՞ւմ են, մեր հարցին Սուրեն Սաֆարյանը պատասխանեց. «Նկարիչների միությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և վաճառքով ինչ-ինչ պատճառներով, օրենքից ելնելով՝ մենք չենք կարող զբաղվել, բայց կարողանում ենք լուսաբանել և տարբեր ցուցահանդեսներ կազմակերպել նաև արտերկրում: Ցավոք, 2020 թվականից շատ քիչ ենք կարողացել կազմակերպել. համաճարակը չի թողնում անել այն նախագծերը, որոնք մտածել ենք: Իսկ վաճառքի մասով ասեմ, որ ամբողջ աշխարհում է այդ դժվարությունը, մենք բացառություն չենք կազմում: Իհարկե, պետք է նաև պետական աջակցություն, բայց նկարիչները չեն դադարում ստեղծագործել, և, իհարկե, կան արվեստագետներ, ովքեր գնահատվում են թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում»:
Դիտարկմանը՝ Հայաստանում, օրինակ, գրողները միայն չեն գրում, նրանք այլ աշխատանք են կատարում, որպեսզի ապրեն, նկարիչների մոտ ի՞նչ վիճակ է, Նկարիչների միության նախագահն ասաց, որ շատերի մոտ այդպես է:
«Բայց, եթե դու նկարիչ ես, ուրիշ ոչ մի գործ քեզ չի խանգարում, որ ստեղծագործես: Միշտ ժամանակ գտնում ես: Իմ դեպքում, օրինակ, ես միության ղեկավարն եմ, օրվա մեծ մասն անցկացնում եմ միությունում, զբաղված եմ այստեղի աշխատանքներով, բայց մեկ է՝ ժամանակ գտնում և ստեղծագործում եմ»,- հավելեց նա:
Հաճախ նկարիչները հրաժարվում են բացատրել՝ ինչ են նկարել, թողնում են, որ մարդիկ գան, նայեն, հասկանան, կիսո՞ւմ է այդ կարծիքը՝ հարցրեցինք, Սուրեն Սաֆարյանը պատասխանեց.
«Եթե արվեստագետը կարող է բացատրել՝ իհարկե, ողջունելի է, իսկ եթե ոչ, ապա այստեղ օգնության պետք է հասնեն արվեստաբաններն, ու նրանց միջոցով ընկալելի դառնա արվեստագետի ստեղծագործությունը»:
Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը ևս ցուցահանդեսին ներկայացրել է մի քանի աշխատանք: «2020-2021թթ. կորոնավիրուսի և Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ լռության մեջ պատուհանը բացելով, ծածկելով, գույներ հայտնաբերելով՝ նկարել եմ»,- ասաց լուսանկարիչը:
Ցուցահանդեսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը, պարզվեց, նաև նկարում է:
«Երբեմն, որպես էմոցիոնալ, բռնկուն մարդ՝ երբեմն դիմում եմ թե՛ բանաստեղծությանը, թե՛ նկարչությանը: Նկարում եմ Արագածից մինչև Մասիս սար, աբստրակտից մինչև նատյուրմորտ: Բայց շատ հազվադեպ. երբ ջղայնացած եմ կամ ներշնչված»: