Դժվար ժամանակներ են սպասվում, մենք այս կոմեդիայի ժամանակն այլևս չունենք. պետք են փորձ ու գիտելիք ունեցող ղեկավարներ. Արթուր Խաչիկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է:
- Հայաստանը ոչ միայն Արցախի, անգամ իր անվտանգությունը չի կարող ապահովել:
- Հիմա մենք անկախ երկիր չենք, մենք Ռուսաստանի պրոտեկտորատն ենք դարձել:
- Մեր հարցերը լուծվում են Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածություններով, նրանք են որոշում մեր ապագան:
- Դժվարին իրավիճակ է. մեզ խիստ անհրաժեշտ են կոմպետենտ և փորձառու ղեկավարներ:
- Թուրքերը կամ կփորձեն խաբել ռուսներին, կամ հասնել ռուսների հետ երկարատև համագործակցության, ինչը մեզ համար անբարենպաստ կարող է լինել:
- Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանկցիաները կանդրադառնան մեզ վրա:
- Եթե մենք հանկարծ որոշենք փոխել արտաքին քաղաքական կուրսը, պրոարևմտյան միտում դրսևորենք, շատ վտանգավոր կարող է լինել, կարող է լինել մեր վերջը: Իսկ եթե Ռուսաստանը տապալվի, ապա մենք միայնակ կմնանք Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
- Մեզ պետք են շատ կոմպետենտ, փորձ ու գիտելիք ունեցող ղեկավարներ կամ գոնե կոմպետենտ մարդկանց կարծիքը լսող ղեկավարներ:
- Էմոցիոնալ հայտարարությունները, գոռգոռոցները լավ մեթոդ չեն երկիրը ղեկավարելու համար, հայտարարություն անելուց առաջ պետք է լավ մտածել, թե չէ՝ կարող է հայտնվենք Թուրքիայի գրպանում:
- Դժվար ժամանակներ են սպասվում, մենք այս կոմեդիայի ժամանակը չունենք այլևս:
- Հնարավոր է բանակցել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, բայց դա չի կարելի անել ծնկի վրա:
- Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի խոսքը թուլության ուղերձ էր հակառակորդին, թե մենք չենք խառնվելու; հետևանքը կարող է վտանգավոր լինել: Ադրբեջանը կշարունակի ճնշում գործադրել, մինչև հասնի Արցախի բնակիչների տեղահանմանը:
- Արևմուտք-Ռուսաստան առճակատումը կարող է դառնալ երկրորդ սառը պատերազմ. ուկրաինացիների դիմադրությունն ավելի ուժեղ է, քան նախատեսում էին ռուսները: Ռուսաստանը հույս ուներ, թե կարող է ուկրաինացիների մեջ պառակտում մտցնել և դրանով նաև հաջողության հասնել:
- Թե՛ ռուսները, թե՛ ուկրաինացիները, և թե՛ Արևմուտքը լուրջ քարոզչական պատերազմ են մղում, որտեղ կան էական հակասություններ:
- «Ամեն ինչ կամ ոչինչ» իրադրություն է ստեղծվել, կողմերից յուրաքանչյուրը կգնա կոմպրոմիսի, բայց անգամ այդ դեպքում խնդիրը չի լուծվի: Երաշխիք չկա, որ կպահպանվեն պայմանավորվածությունները, նախկին փորձը դա է վկայում:
- Թուրքիան, ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր օգտվում է Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունից, փորձում է դառնալ ռեգիոնալ ուժ:
- Արևմուտքը փորձելու է հասնել Ռուսաստանի ժողովրդի դժգոհության ալիքի բարձրացմանը և դրա միջոցով՝ Պուտինի տապալմանը: Եթե անգամ Ռուսաստանը հաղթանակ տանի, այդուամենայնիվ Արևմուտքն աջակցելու է հակառուսական և հակապուտինյան ուժերին՝ այնքան, որ Ռուսաստանում պառակտում լինի: Ժողովրդին Պուտինի դեմ հանելն Արևմուտքի նպատակն է դառնալու:
- Ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելը շատ դժվար է լինելու, ծանր են լինելու նաև հետևանքները:
- Ռուսական կողմն ավելի ինտենսիվ կոնֆլիկտի է գնում, արդեն խոսում են կենսաբանական զենքի, ինչ-որ լաբորատորիաների գոյության մասին, մի փոքր բախումը կարող է հանգեցնել վտանգավոր էսկալացիայի:
- ԱՄՆ-ը և Ռուսաստանը մրցում են միմյանց հետ դաշնակիցների համար. սա երկար պատմություն է, որը սկսվել է Պուտինից առաջ, դեռևս 90-ականներից՝ Ելցինի ժամանակ:
- ՆԱՏՕ-ի ընդլայնումը 1945-ից հետո ԱՄՆ ամենամեծ ստրատեգիական սխալն էր. այս տեսակետն ասել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ դեսպաններից մեկը. Ջորջ Բուշ ավագը 80-ականների վերջին ուկրաինացիներին բնորոշել է ինքնասպան նացիոնալիստներ անունով, նաև հորդորել է նրանց՝ Ռուսաստանի հետ ինչ-որ ֆեդերացիա ստեղծել:
- Դեմոկրատիայի նորմերը, մարդու իրավունքներն Արևմուտքը միշտ ընտրողաբար է կիրառել, դրանք ծառայել են սեփական շահերին:
- Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը շարունակվելու է, հնարավոր է, որ փորձեն Հայաստանին էլ իրենց կողմը քաշել և հեռացնել Ռուսաստանից. Արևմուտքի գցած դեմոկրատական կուտը ծառայում է դրան:
- 4 տարի է անցել 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից, մարդկանց մեծ մասը հուսահատված է, շատերը խոսում են Հայաստանից հեռանալու մասին: