Եթե մենք ունենք մի քանի ամսվա պաշար, ապա լավ է, իսկ եթե ոչ, ապա շտապ պետք է որոշակի պահուստային պաշարներ կուտակել. Գառնիկ Պետրոսյան
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև և շուրջն աճող լարվածությամբ պայմանավորված՝ ցորենի գնաճ է արձանագրվել։ Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենավորման նախարար Ժուլիեն Դենորսմանդին հայտնել է, որ այս տարի համաշխարհային պարենային ճգնաժամ կարող է առաջանալ:
Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նաև կազդի անասնակերի վրա: Le Figaro տեղեկատվության համաձայն՝ այնպիսի պետություններ, ինչպիսիք են՝ Կատարը, Ռուանդան, Ղրղըզստանն ու Եգիպտոսը, 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից այն դեպքում, երբ Թուրքիան կախված է 70 տոկոսով: 2012թ․ հետո ամենաբարձր մակարդակին է մոտենում նաև եգիպտացորենի առևտուրը, իսկ սոյայի և արմավենու յուղը հասել է ռեկորդային ցուցանիշների։
Տարբեր երկրների փորձագետներ պնդում են, որ միջազգային շուկայում սննդամթերքի կտրուկ գնաճ կարող է արձանագրվել՝ ցորենի և գարու արտահանման 1/3-ը Ռուսաստանի և Ուկրաինայի բաժինն է։ Մարտի 1-ին արդեն, երբ համաշխարհային շուկայում դրա արտահանման գինն անցավ 410 դոլարի սահմանագիծը, արձանագրվեց, որ այն 2008-ից այս կողմ ամենաբարձրն է։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ հարցի որոշ չափով լուծմանը կարո՞ղ է նպաստել այն, որ ՀՀ-ում առկա բազում անմշակ հողերը սկսեն մշակել։
Նա պատասխանեց, որ մոտ ապագայի համար ոչինչ չեն կարող հասցնել, որովհետև առաջին հերթին՝ այդ տարածքները պետք է նախապատրաստել ցանքի համար: Պետք է հիմա արդեն կատարվեին նախացանքային մշակության աշխատանքներ, որպեսզի ցանք կատարվեր:
«Պետք է ունենանք սերմացուների անհրաժեշտ պաշար, որը հիմա շատ խնդրահարույց է: Անցած տարի մենք ծանր երաշտ ենք ունեցել, և համոզված եմ, որ գարնանացանի նման՝ սերմացուի լուրջ պակաս կա: Ասեմ նաև, որ ընդհանրապես գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունն առնվազն 30 տոկոսով զիջում է աշնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքատվությանը, այսինքն՝ մենք ամենամեծ ցանկության դեպքում անգամ չենք կարող ապահովել և հետևաբար՝ դա էական ազդեցություն մեր հացահատիկների ապահովվածության վրա չի կարող ունենալ: Դա տևական, ծրագրված, հետևողական աշխատանքի արդյունք պետք է լինի, և ժամանակի ընթացքում պետք է հասցնել նրան, որ էականորեն ավելացվեն մեր հացահատիկի ցանքատարածությունները:
Եթե մենք 2000-ական թվականներին մինչև 127.000-128.000 հեկտար հացահատիկի ցանք էինք ունենում, հիմա այն տատանվում է 50-55.000-ի միջակայքում, և դա նշանակում է, որ շուրջ 2.5 անգամ մեր հացահատիկի ցանքատարածությունները կրճատվել են: Այսինքն, հացահատիկի արտադրությունը Հայաստանում դարձել է ոչ շահութաբեր»,- մեզ հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:
Եվ որպեսզի ճգնաժամի մեջ չհայտնվենք, նրա խոսքով, անհրաժեշտ է շուտափույթ քայլեր ձեռնարկել, որոշակի պետական պաշարներ կուտակել, որպեսզի համապատասխան խնդիրներ առաջանալու դեպքում պետությունը կարողանա ուղղակի շուկայի վրա ազդեցություն ունենալ:
«Շատ լավ է, որ շուկան ազատականացված է, բայց պետությունն այստեղ անելիք ունի, և պետական պաշարներն անպայման պետք է ապահովել: Եթե մենք ունենք մի քանի ամսվա պաշար, ապա լավ է, իսկ եթե ոչ, ապա շտապ պետք է որոշակի պահուստային պաշարներ կուտակել: Եվ ոչ միայն հացի, այլև բուսական յուղի, շաքարի, կարագի և այլ պարագաների, քանի որ տեսնում ենք՝ ամեն օր շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս ամբողջ աշխարհում: Օրինակ, եթե Իսպանիայում նախորդ օրը մեկ շիշ բուսական յուղը 1 եվրո 48 ցենտ էր, երեկ արդեն դարձել է 2.5 եվրո, ու և՛ Բարսելոնայում, և՛ Մադրիդում մեկ շշից ավելի բաց չեն թողնում: Ուստի պետք է պաշարներ ստեղծենք և անհրաժեշտության դեպքում օգտվենք, որպեսզի խնդիրների առջև չկանգնենք»,- նշեց Գառնիկ Պետրոսյանը:
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը շեշտեց՝ պետք է ծրագիր մշակել, իրականացնել որոշակի կոնկրետ քաղաքականություն:
«Ցավում եմ, որ այդ ծրագրերը մշակող պետական կառավարման մարմինը չկա՝ չունենք Գյուղատնտեսության նախարարություն, և գյուղատնտեսական խնդիրները մի տեսակ ստորադասվում են: Իսկ մենք հեռանկարային զարգացման ծրագրեր պետք է մշակենք, հետևողականորեն իրականացնենք, որպեսզի խնդիրները լուծվեն»,- եզրափակեց Գառնիկ Պետրոսյանը: