Մեզ ոչ թե խելացի անասնագոմ է պետք, այլ խելացի նախարար, նախարարություն ու խելացի կառավարություն է պետք. Աշոտ Հարությունյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար (2016-2018թթ. հուլիս), ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին խորհրդական Աշոտ Հարությունյանն է:

Բանախոսը նշել է.

• Մեզ ոչ թե խելացի անասնագոմ է պետք, այլ մեզ պետք է խելացի նախարար, նախարարություն ու խելացի կառավարություն

• SOS! …Իշխանություններին հորդորում եմ՝ կոչով դիմելու փոխարեն՝ գիշեր-ցերեկ աշխատեք, մի քնեք, մարզեր գնացեք, գյուղացու կողքին եղեք, ժողովրդին էս վիճակից պետք է հանել:

• Եթե 2021թ. աշնանը պարարտանյութի, սերմացուի հարցերը լուծած լինեին, էսօր կգնային գյուղացու մոտ և կասեին՝ ուրիշ ի՞նչ խնդիր կա, եկեք լուծենք:

• Առանց մեծ աղմուկ բարձրացնելու, ներքին կապերի միջոցով Ռուսաստանից սերմացու, պարարտանյութ բերեք:

• Ռուս-ուկրաինական պատերազմի վատ հետևանքներն արդեն զգացվում են:

• Մենք հաց ուտող ազգերից ենք, ռեզերվների մասին պետք է մտածել:

• Պետական գաղտնիք հանդիսացող թվեր պետք չէ հրապարակել, այլ դրա փոխարեն՝ պետք է ցույց տալ քաղաքական քայլերը՝ խնդիրը լուծելու ճանապարհը:

• Սերմացուների առումով այսօր հանրապետությունում վիճակն ավելի վատ է, քան 2010 թվականին:

• Հիմա պետք է արդեն պահեստավորված բավականաչափ սերմացու ունենայինք հանրապետությունում, այսօր Կուրսկում, Վորոնեժում հայաստանցի ֆերմերները սերմացու են գնել, բայց չեն կարողանում տեղափոխել Հայաստան:

• Վատ տենդենց կա այս իշխանությունների մոտ՝ ամենագլոբալ, ամենակարևոր խնդիրը թողած՝ գնում են փոքր հարցերի հետևից, որը, բացի անձնականից, այլ նշանակություն ունենալ չի կարող:

• Եթե գինու արտահանումը նվազեց, խաղողի մթերման խնդիրն է սրվելու:

• Եթե ձեր ռեյտինգի մասին չեք մտածում, գոնե այնպես արեք, որ մարդիկ սոված չմնան, գոնե ձեր երեխաների մասին մտածեք, պահի տակ որոշումներ մի՛ կայացրեք:

• 2016 թվականին Արցախի գյուղատնտեսությունը 2 անգամ ավելի ուժեղ էր, քան Հայաստանինը՝ թե՛ կազմակերպվածության, թե՛ արտադրության, թե՛ մասնագիտական մակարդակով:

• Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Հայաստանում գյուղատնտեսությունը կործանեցին:

• Ապրանքը թող լինի, թեկուզ՝ թանկ. 100 տարի առաջ ոսկի էին տալիս մեկ պարկ ցորեն վերցնելու համար, որ ընտանիք պահեն, ցորեն կար, հիմա եթե այդ ցորենը չլինի՝ ոսկին չի փրկի, մարդիկ ի՞նչ պետք է անեն:

• 2018-ի հեղափոխությունից հետո 5-րդ գարունն է արդեն, 5 տարին մեծ ժամանակահատված էր գյուղատնտեսությունը և՛ զարգացնելու, և՛ կործանելու համար:

• Միայն խոսելով չէ, պետք է գնան գյուղացու մոտ ու մոտիվացնեն նրան, գյուղացին կոտրվել է, փշրվել:

• 72-78մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են կազմվում, գահավիժող տնտեսություն ունենք, հացի խնդիր կարող է ծագել, չեն հասկանում, որ ասֆալտապատման այդ սուբվենցիոն ծրագրերը պետք է հետաձգել, այդ ծրագրերն այսօր պետք է ուղղել դեպի գյուղատնտեսություն:

• Ոչ պրոֆեսիոնալ մարդիկ եկել են, դարձել նախարար, տեղակալ, միջին օղակներում աշխատող վարչության պրոֆեսիոնալ պետերն էլ սխալները տեսնում ու լռում են. վախենո՞ւմ են, թող գրպաններում քար պահեն: Բոլորն են մեղավոր այս վիճակի համար:

• Ավանդական գյուղատնտեսությունից հրաժարվելու մասին հայտարարությունները հերթական ապակողմնորոշող հարցն է: Ո՞վ է այդ ծրագիրը ներկայացրել, զեկուցել վարչապետին, թե ավանդական գյուղատնտեսությունը Հայաստանում չի արդարացնում:

• Կաթիլային ոռոգման մասին խոսում են այն մարդիկ, որոնք ունեն համապատասխան տնտեսական ատրիբուտներ՝ խողովակներ և այլն, այնինչ ջրի կորուստը պետք է նվազեցնել:

• Փոքր հողատարածքների համար կաթիլային ոռոգման համակարգը շատ ավելի թանկ է:

• Ինչպես ասում են՝ սատանի պարը կամրջին է բռնում. ամենանեղ պահին ավանդական գյուղատնտեսությունից հրաժարվելու մասին են խոսում…

• Եթե իսկապես Թուրքիայից մի քանի մեքենա հավկիթ ներկրվի, դա առաջին ծիծեռնակը կլինի գյուղատնտեսության վերջնական մահվան…

• 2021-ին կենդանիների համարակալման համար գումար է հատկացվել պետբյուջեից, բայց աշխատանքը չի արվել, պատճառաբանել են, թե բնակլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով չեն արել համարակալումը:

• Գյուղացուն խնդրում եմ սխալներն ուղղել… երբ ասում էինք՝ անասնակերի մասին մտածեք, դրսից բերելով հարցը չի լուծվի:

• Մարդիկ իրենց կվերագտնեն. մեզ հրամայված է ապրել:

Տեսանյութեր

Լրահոս