Արցախում ավելի վճռական են տրամադրված՝ դատական իշխանությանը վարկաբեկել չի կարելի. Ո՞ր պաշտոնյան է հրավիրվել դատախազություն
Օրեր առաջ 168.am–ը գրել էր, որ Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել:
Խնդիրը վերաբերում էր Հայկ Խանումյանի մի գրառման մեջ վերջինիս կողմից Արցախի Գերագույն դատարանի դատավորների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հրապարակում էր կատարել այն մասին, որ իր հրամանով «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն աշխատանքից ազատվել էր 2021թ. մարտ ամսին: «Արցախանտառ» ՊՈԱԿ-ում խոշոր չափի չարաշահումներով քրեական գործ է հարուցվել իրավապահ մարմինների կողմից: Այնուհետև վերջինիս հրամանը վիճարկվել էր Արցախի Հանրապետության դատարաններում, և Վերաքննիչ դատարանը ՊՈԱԿ-ի տնօրենի օգտին վճիռ էր կայացրել, իսկ Գերագույն դատարանն էլ մերժել էր Հայկ Խանումյանի վճռաբեկ բողոքը: Հենց դա էլ առիթ էր հանդիսացել, որ վերջինս իր գրառման մեջ նշեր՝ Գերագույն դատարանի որոշումը, սակայն, լուրջ կասկածների տեղիք է տալիս բարձրագույն դատական ատյանի անդամների անաչառության և արդար դատաքննություն իրականացնելու կարողության վերաբերյալ, քանզի Գերագույն դատարանի որոշումը պատճառաբանված չէր:
«Ակնհայտ է, որ այս որոշումն ընդունելիս Գերագույն դատարանի անդամները գործել են կաշկանդված՝ հավանաբար գործել են իրենց դատավորի պաշտոնում առաջարկած գործիչների թելադրանքով: Իրավական առումով անգրագետ այս որոշման այլ տրամաբանական բացատրություն չկա»,- մասնավորապես գրել էր արցախցի պաշտոնյան:
Արցախի Բարձրագույն խորհրդի արձագանքը չէր ուշացել: Կառույցը որոշել էր միջնորդություն ներկայացնել Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ 2022 թվականի փետրվարի 16-ին ժամը 16:57-ին համացանցի «ֆեյսբուք» սոցիալական հանրային հարթակում կատարված գրառմամբ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը վտանգելու և վնասելու եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 3-րդ մասի 1-ին, 3-5-րդ կետերի պահանջների առերևույթ խախտման հիմքով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արցախի Հանրապետության Նախագահին և իրավասու մարմիններին դիմելու, ինչպես նաև նրա կողմից կատարված գրառումը հեռացնելուն պարտավորեցնելու առաջարկով:
Պարզվում է, որ բացի վերոգրյալից, Հայկ Խանումյանի գրառման կապակցությամբ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, որը քննության է առնվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի կողմից: Այդ առնչությամբ հայտարարություն է տարածել ԱՀ դատախազությունը:
«Նկատի ունենալով, որ Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան հիշյալ գրառումն առերևույթ պարունակում է դատարանի գործունեությանը միջամտելու, ինչպես նաև կոնկրետ գործը քննած դատավորներին զրպարտելու տարրեր, ուստի վերջինս հրավիրվել է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին, և առաջարկվել է ներկայացնել հրապարակված գործով դատարանի նկատմամբ ազդեցության, նրա կողմից կողմնակալ կամ անարդար դատական ակտ կայացնելու մասին վկայող փաստերը կամ տեղեկությունները: Վերջինս դատախազությունում տված գրավոր բացատրությամբ հայտնել է, որ ինքը նման փաստերի կամ տեղեկությունների չի տիրապետում, դատական ակտի վերաբերյալ գնահատողական եզրահանգումներն արել էր՝ հաշվի առնելով նույն գործով դատական տարբեր ատյանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանում գործի դատական քննությունն իրականացրած դատավորների տարբերակված մոտեցումները, միաժամանակ պնդելով, որ դատավորներին վիրավորելու կամ զրպարտելու ցանկություն և նպատակ չի ունեցել»,- հայտնում են ԱՀ դատախազությունից` հավելելով, որ հիմք ընդունելով այդ և քրեական գործի հարուցման փուլում ձեռք բերված մյուս տեղեկությունները, հաշվի առնելով արարքը որպես զրպարտություն բնութագրելու համար անհրաժեշտ հատկանիշների ամբողջությունը, հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից որոշում է կայացվել դատարանի գործունեությանը միջամտելու հանցագործության դեպքի, ինչպես նաև Հ.Խանումյանի արարքում դատավորին զրպարտելու հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Անդրադառնալով դատական համակարգի անկախության հարցին, ԱՀ դատախազությունը հայտարարել է, որ անընդունելի է համարում հանրային ծառայողի կողմից դատական իշխանության անկախության ու հեղինակության դեմ ոտնձգող ցանկացած անպատասխանատու և անհիմն վարքագիծ ու արարք, իսկ այդպիսինները պետք է արժանանան պատշաճ արձագանքի ԱՀ-ում գործող օրենսդրական գործիքակազմի կիրառմամբ: