Արցախի Հանրապետության ԲԴԽ-ն Հայկ Խանումյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից դատական իշխանությանը թիրախավորելու թրենդը հասավ Արցախ:

Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն օրեր առաջ հրապարակում էր կատարել այն մասին, որ իր հրամանով «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն աշխատանքից ազատվել էր 2021թ. մարտ ամսին: «Արցախանտառ» ՊՈԱԿ-ում խոշոր չափի չարաշահումներով քրեական գործ է հարուցվել իրավապահ մարմինների կողմից:

ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը դատարանում վիճարկել է իրեն ազատելու հրամանը, Առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարանը նախարարի հրամանը համարել է իրավաչափ և մերժել նախկին տնօրենի հայցադիմումը՝ ընդդեմ նախարարության, իսկ վերաքննիչը որոշել է վերականգնել նախկին տնօրենին: «Գերագույն դատարանը քննության չի վերցրել մեր վճռաբեկ բողոքը՝ թողնելով ուժի մեջ Վերաքննիչի որոշումը: Գերագույն դատարանի որոշումը, սակայն, լուրջ կասկածների տեղիք է տալիս բարձրագույն դատական ատյանի անդամների անաչառության և արդար դատաքննություն իրականացնելու կարողության վերաբերյալ, քանզի Գերագույն դատարանի որոշումը պատճառաբանված չէր՝ ի հակասություն ԼՂՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 246.2 հոդվածի 2-րդ մասի ներկայացրած պահանջների և առևերույթ խախտում է 247-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Ակնհայտ է, որ այս որոշումն ընդունելիս Գերագույն դատարանի անդամները գործել են կաշկանդված՝ հավանաբար գործել են իրենց դատավորի պաշտոնում առաջարկած գործիչների թելադրանքով: Իրավական առումով անգրագետ այս որոշման այլ տրամաբանական բացատրություն չկա»,- մասնավորապես գրել էր արցախցի պաշտոնյան:

Արցախի Բարձրագույն խորհրդի արձագանքը չուշացավ:

Դատական իշխանության անկախությունը պաշտպանելու կոչված կառույցը նկատել է՝

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս սոցիալական ցանցերում և մի շարք զանգվածային լրատվության միջոցներում տեղ են գտնում Արցախի Հանրապետության դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը վտանգող և վնասող, դատավորների հանդեպ վիրավորական, հաճախ հայհոյանքների և անձնական վիրավորանքների վերածված զրպարտչական բնույթի արտահայտություններ, կարևորելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված հիմնարար իրավունքի տարր համարվող ազատ կարծիք արտահայտելու և քննադատության հնարավորությունը ժողովրդավարական հասարակությունում, միաժամանակ ընդգծելով, որ դատարանի և դատավորի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և վիրավորական արտահայտություններով ազատ կարծիքի դրսևորումը խաթարում է իրավական պետության հիմքերը և չի նպաստում դատական իշխանության անկախության ամրապնդմանն ու գործունեության բարելավմանն ուղղված հանրային քննարկումների արդյունավետությանը, Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. փետրվարի 23-ին ընդունած իր որոշմամբ հերթական անգամ կոչ է արել բոլորին՝ զերծ մնալ Արցախի Հանրապետության դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը վտանգող և վնասող՝ դատարանների և դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական և զրպարտչական բնույթի արտահայտություններ անելուց և դրանք տարածելուց, հարգել Արցախի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից բխող՝ օրինականության հիմնարար սկզբունքը, Սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ չնախատեսված որևէ եղանակով (արտահայտությունների կամ գործողությունների) կասկածի տակ չդնել արդարադատության արգասիք համարվող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը, իսկ դրա հետ համաձայն չլինելու դեպքում՝ օգտվել դատական ակտը բացառապես օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իրավունքից:

Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 9-րդ հոդվածը դատական իշխանության անկախությունը հարգելու առումով հստակ պարտականություն է սահմանել բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար և ամրագրել, որ նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության անկախությունը կամ հեղինակությունը, հետևաբար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արված դատական իշխանության և դատավորների անկախությունը և հեղինակությունը վտանգող և վնասող յուրաքանչյուր հայտարարություն և կատարված գործողություն Բարձրագույն դատական խորհրդի կողմից ԱՀ դատական օրենսգրքի նշված հոդվածի ուժով կարժանանա համապատասխան արձագանքի:

«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է միջնորդություն ներկայացնել Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ 2022 թվականի փետրվարի 16-ին ժամը 16:57-ին համացանցի «ֆեյսբուք» սոցիալական հանրային հարթակում կատարված գրառմամբ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը վտանգելու և վնասելու եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 3-րդ մասի 1-ին, 3-5-րդ կետերի պահանջների առերևույթ խախտման հիմքով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արցախի Հանրապետության Նախագահին և իրավասու մարմիններին դիմելու, ինչպես նաև նրա կողմից կատարված գրառումը հեռացնելուն պարտավորեցնելու առաջարկով»,-եզրափակել է Արցախի Հանրապետության ԲԴԽ-ն:

Տեսանյութեր

Լրահոս