Բաժիններ՝

Գալյա Նովենց՝ սեր, արժանապատվություն, լույս

Գալյա Նովենցը հայ կինեմատոգրաֆի այն դեմքերից է, որին անվերապահորեն վստահեց ու սիրեց հանդիսատեսը: Նրա ստեղծած կերպարները հայ կնոջ ինքնության արտացոլումն են՝ ուժեղ, տառապագին ճանապարհ անցած, բայց ներքին լույսը երբեք չկորցրած հայուհիներ: Չնայած կինոդերերի ոչ մեծ ցանկին, տաղանդավոր դերասանուհին իր խաղով առանձնահատուկ հմայք է հաղորդել ազգային կինոյի այնպիսի ֆիլմերին, ինչպիսիք են «Բարև, ես եմ» կինոնկարը, որը դերասանուհու առաջին դերն էր կինոյում, «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետը», «Կտոր մը երկինքը», «Մեր մանկության տանգոն», «Խնձորի» այգին և այլն:

Նովենցը մեծանում էր ավանդական հայկական ընտանիքում, ծնողները երաժշտական մարդիկ էին, բայց ապագա դերասանուհու ոգեշնչման գլխավոր աղբյուրը մորաքույրը՝ դերասանուհի Լյուսյա Հովհաննիսյանն էր՝ Խորեն Աբրահամյանի կինը, որին Գալյան Լուսիկ էր անվանում. «Ես ծնվել եմ Երևանում։ Հայրս ծնողներին վաղ հասակում էր կորցրել, և ես տատ ու պապիս չեմ տեսել։ Մայրս արմատներով տաճկահայ էր, իսկ մորական տատս ծնվել էր Տիգրանակերտում։ Ծնողներս հասարակ մարդիկ էին, ու մեր ընտանիքն էլ պարզ, հայկական ավանդապաշտ ընտանիք էր։ Հայրս ժամանակին նվագել էր զինվորական նվագախմբում, իսկ մայրս շատ գեղեցիկ երգում էր։ Բացի այդ, մեզ հետ էր ապրում իմ մորաքույրը»:

1950-ականների վերջերին Գալյա Նովենցն ավարտեց Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, ու ճակատագիրը նրան Հայաստանի գրեթե բոլոր թատրոններով տարավ՝ 1958-1961 թվականներին՝ Կապանի, 1971-1977 թվականներին` Գյումրիի, 1977-1983 թվականներին`Երևանի դրամատիկական թատրոն, ավելի ուշ Սունդուկյանի թատրոնն էր, իսկ 1993 թվականից` Համազգայինը: «Մեր մանկության տանգոն» կինոնկարը դիտելուց հետո Փարաջանովի ու Մալյանի նախընտրած դերասանուհին՝ Սոֆիկո Ճիաուրելին հիացմունքով արձանագրեց. «Այսուհետև հայ կինոն իմ կարիքը չի զգա, իսկ վրացական կինոն իր ֆիլմերում նկարահանվելու համար կհրավիրի Գալյա Նովենցին»:

Թերևս «Մեր մանկության տանգոն» ֆիլմով էլ արժե սկսել ծանոթությունը դերասանուհու կինոդերերի հետ: 1984-ին Ալբերտ Մկրտչյանի նկարահանած ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Սիրանուշը մի կին է, որին ամուսինը լքել է: Ի սկզբանե, Ալբերտ Մկրտչյանն իր հերոսուհու դերում պատկերացնում էր մեկ այլ հոյակապ դերասանուհու՝ վրացուհի Սոֆիկո Ճիաուրելիին. «Մի անգամ Գալյային ասացի, որ որոշել եմ այդ դերի համար Ճիաուրելլիին հրավիրել։ Գալյան, որ մինչ այդ հանգիստ լսում էր ինձ, հանկարծ զայրացավ, տեղից վեր թռավ և բացականչեց․ «Այսինքն ե՞ս չեմ խաղալու այդ դերը։ Էնպես կխաղամ, դեռ կտեսնես»։ Եվ հասկացա, որ հենց այդպիսի էներգետիկա եմ փնտրում։ Սիրանուշի դերն արդեն նրանն էր», -ավելի ուշ պատմել է Մկրտչյանը։

Կարդացեք նաև

Մեծ դերասանուհու արվեստի երկրպագուներն ու ժամանակակիցները վստահեցնում են՝ Գալյա Նովենցն իր կերպարների ճակատագիրն ապրում էր առանց խաղալու: Նա իր կերպարները կառուցում էր Ստանլիսլավսկու համակարգով՝ ապրելով նույն զգացումները, ինչ նրա հերոսները, և որը ստեղծում էր ոչ թե խաղի, այլ բնականության տպավորություն: Նովենցի արտիստական տաղանդի գլխավոր հատկանիշն է: Նրա խաղը կասկածի առիթ չի տալիս, տառապանքը, որ նա ապրում է էկրանին կամ բեմահարթակում, անմիջականորեն փոխանցվում է հանդիսատեսին՝ նրան հնարավորություն ընձեռելով վերապրել այն ամենն, ինչը դերասանուհին այդքան բնականորեն ապրում է իր կերպարի հետ: Ու չնայած կինոն մեծ հաջողություն, ճանաչում ու փալյուն դերեր պարգևեց դերասանուհուն, բայց Նովենցի մեծագույն սերը միշտ եղել է թատրոնը:

«Անկեղծ ասած, կինոն երբեք իմ սերը չի եղել: Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է: Բայց ստացվել է այնպես, որ քիչ թե շատ ստեղծագործելու հնարավորություն ինձ կինոն է տվել: …Յուրաքանչյուրը թատրոնից ստանում է այն, ինչ փնտրում է: Թատրոնում ամեն ինչ պիտի լինի, բայց նախ և առաջ` սեր, արժանապատվություն, լույս»,- անկեղծացել է Գալյա Նովենցը:

Թերևս նրա նախանշած այս երեք արժեքների միասնությունից է որ թատրոնում ստեղծվեց գունեղ ու վառ կերպարների մի ամբողջ շարք, ինչպիսիք են Կատրինը Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» բեմադրության մեջ, Մարգարիտը սունդուկյանական «Պատվի համարում», Ֆիլումենան Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանոյում», Մատիբոն Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացումում և, իհարկե, միսիս Սևիջը Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջում»:

Ժամանակակից դերասանների կերպարանափոխության կարողություններն ընդգծելու և նրանց աշխատանքը գնահատելու նպատակով այժմ հաճախ կիրառում են արդեն կինեմատոգրաֆիական տերմինի վերածված «քամելեոն» բառը: Այդ կարողությամբ և կերպարային բազմազանության իր շնորհով Գալյա Նովենցը պարզապես մրցակցությունից դուրս էր: նրա անմոռանալի Սիրանուշը գերեց Եվրոպայի ամենանրբաճաշակ կինոփառատոնի՝ Վենետիկի փառատոնային հանձնաժողովի անդամների սիրտը և Վենետիկի հատուկ մրցանակը ստանալուց հետո իտալացի կինոքննադատները Նովենցին համեմատում էին Աննա Մանյանիի հետ: Նա կարող էր լինել չափազանց լուրջ, անասելիորեն տառապած, չափազանց խիստ, երբեմն էլ նրան հատուկ էին անհավատալի թեթևությունն ու կոմիզմը, բայց ինչպիսի կերպարանափոխության էլ ենթարկվեր դերասանուհին հանուն դերի, նա անփոփոխ էր գլխավորում. «զգացմունքները ոչ թե ցուցադրող, այլ ներս գցող, թաքցնող, կերպարի հուզմունքներն իրենը դարձնող». հենց այս հատկանիշով է դերասանուհուն բնորոշում ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը:

Գալյա Նովենցի դեմքն ինքնին առանձին մի «անհատականություն» է. այն ապրում, խաղում է դերասանուհու մարմնից և խոսքից անկախ: Դիմագծերը՝ դեմքը, փոքր-ինչ կախ աչքերը և շուրթերի դիրքը, որոնք ժպիտ են հիշեցնում նույնիսկ այն ժամանակ, երբ դերասանուհին չի ժպտում, կերպարին լուսավոր հմայք ու խոհականություն են հաղորդում: Անգամ այնպիսի էպիզոդիկ դերում, ինչպիսին է մեղվապահ կնոջ դերը Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, էկրանային կարճ դրվագի ընթացքում դերասանուհին իմաստություն ու հանդարտություն է խորհրդանշում. նրա շարժումները զուսպ են, խոսքը՝ հանգիստ, ամբողջ դերի պատասխանատվությունն ընկած է դեմքի վրա:

Գալյա Նովենցը միակ հայ դերասանուհին է, որին հաջողվեց նվաճել Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը կնոջ լավագույն դերակատարման համար, որն ազգային կինոյի մեծ ձեռքբերումն ու հպարտությունն է: Բայց նա դերասանուհի է, որն ունի շատ ավելին՝ մարդկանց չխամրող հիշողությունն ու երախտագիտությունը՝ էկրանին ու բեմին նվիրումի համար:

Անի Գաբուզյան

art-collage.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս