Պետությունը վերցրած պարտքի զգալի մասը ծախսել է ընդամենը բյուջե ֆինանսավորելու, կամ նույնիսկ դրամի փոխարժեքը պահպանելու վրա. Տնտեսագետ

Օրերս Համաշխարհային բանկը Հայաստանի 26․5 միլիոն եվրոյի վարկ տրամադրելու որոշումը հաստատել է:

ՀԲ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ հաստատված վարկային ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման արդեն չորրորդ ծրագիրն է, որը պետք է նպաստի պետական ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ու հասանելիության բարելավմանը։

Ի դեպ, վարկը ՀՀ–ին տրամադրվելու է 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով, որից 14․5-ը` արտոնյալ, կառավարությունը ծրագրին պետք է մասնակցի 5.3 միլիոն եվրո համաֆինանսավորմամբ։

ՀԲ-ն հիշեցրել է նաև, որ 1992 թ․ բանկին անդամակցելուց ի վեր՝ Հայաստանին 2 տրիլիոն 477 միլիարդ 870 մլն դոլար գումար է տրամադրել։

Նկատենք՝ ինչ չափով արտոնյալ լիներ վարկերը, միևնույն է՝ վարկը ևս պարտք է, ու այդ պարտքը պետք է մարել: Իսկ այս պարագայում, հիշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2021թ. վերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է շուրջ 9.226 մլրդ դոլար. վերջին տարում պետական պարտքն աճել է ավելի քան 1.257 մլրդ դոլարով:

Արտաքին պարտքն աճել է 583 մլն դոլարով և կազմել 6643 մլրդ դոլար, ներքին պարտքը՝ 673.9 մլն դոլարով, և կազմել 2583 մլրդ դոլար։

168.amտնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս պարտքային բեռով նոր պարտքեր ներգրավելը ռիսկային չէ՞:

Ի պատասխան՝ նա նկատեց, որ դա կախված է այն հանգամանքից, թե ի՞նչ պայմաններով է ներգրավվում վարկը, և թե ինչքանո՞վ է նպատակային ծախսվում այն:

«Չնայած ՀՀ-ն ունի բավականին մեծ վարկային բեռ, սա դեռ չի նշանակում, որ նոր պարտքեր չպետք է վերցնել: Նախ, ամեն դեպքում, բյուջեում պակասորդ կա, և գոնե նախորդ վարկի ֆինանսավորման համար պետք է նոր պարտք վերցվի, երկրորդը՝ եթե մենք խոսում ենք նպատակային ծրագրերի մասին, դա կարող է իմաստ ունենալ (եթե կոնկրետ գիտենք՝ ինչի վրա է ծախսվելու),- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ, ընդհանուր առմամբ, պետք է ձգտել ինչքան հնարավոր է՝ քիչ պարտքեր վերցնել,- Իսկապես պարտքի դերն աճել է, իսկ Հայաստանի տնտեսական պայմաններն էապես չեն բարելավվել:

Բայց եթե արտոնյալ վարկի հնարավորություն կա, և եթե կա համոզմունք, որ այս գումարը նպատակային է ծախսվելու, ապա կարելի է վերցնել: Այսինքն՝ կախված է երկու հանգամանքից՝ եթե արտոնյալ է վարկը, և եթե նպատակային կծախսվի, ինչը վերջում է հնարավոր լինելու գնահատել»:

Ի պատասխան հարցադրմանը՝ արդյո՞ք մինչ օրս վերցրած պարտքերը պետությունը նպատակային է ծախսել, Հրանտ Միքայելյանն արձանագրեց.

«Ոչ միշտ, ցավոք սրտի, զգալի մասը ծախսվել է ընդամենը բյուջե ֆինանսավորելու, կամ նույնիսկ դրամի փոխարժեքը պահպանելու վրա, այսինքն՝ ԿԲ պահուստներ են տեղափոխվել: Այս առումով, իհարկե, կան հարցեր, բայց այս ծրագրի առումով, կարծում եմ, Համաշխարհային բանկը, ամեն դեպքում, վերահսկելու է կատարումը»:

Տեսանյութեր

Լրահոս