«ԳՇ և ՊՆ պաշտոններում միաժամանակյա փոփոխությունները լավ բանի չեն բերում». Սեյրան Օհանյան

«Հիմա խոսում ենք մի կառույցի մասին, որն իմ հարազատ կառույցն է եղել, որտեղ ես ունեմ շատ մոտ ընկերներ, նաև ծառայակից ու մարտական ընկերներ, և յուրաքանչյուրի գործունեությունը ես գնահատում եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԳՇ-ից և ՊՆ-ից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հեռացմանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կառավարություն իր գնահատանքի արդյունքում է  փոփոխություններ իրականացնում։

«Բոլոր նշանակված մարդիկ ունեն արժանիքներ, նոր նշանակված անձինք կան, որոնց այդ օղակում ես չեմ ճանաչում և դրա մասին չեմ կարող խոսել։ Այստեղ ես կարող եմ երկու ենթադրություն անել, առաջինը՝ ԳՇ և ՊՆ պաշտոններում միաժամանակյա փոփոխությունները լավ բանի չեն բերում, սա խոսում է  այն մասին, որ այդ երկու պաշտոնյաները,  հատկապես՝ ԳՇ պետը, եթե նոր են, ապա իրավիճակային որոշումների ընդունման հարցերում պրոբլեմներ են ունենալու։ Երկրորդը՝ քաղաքականացվում է նաև ԳՇ-ն, չէ՞ որ, եթե պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, քաղաքական թիմի անդամ է և կարող է փոխվել, որի գլխավոր գործառույթը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում և պաշտպանական քաղաքականությունն է, արտաքին ռազմական հարաբերություններն են, որի հետ մեկտեղ՝ նա քաղաքական վերահսկողություն պետք է իրականացնի զինված ուժերի նկատմամբ»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս