Տնտեսագետը կառավարությանը հորդորում է աջակցել գործարարներին՝ ՌԴ-ից և Ուկրաինայից ավելի մեծ քանակությամբ հումք ներկրելու համար

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հերթական փաթեթից հետո, ըստ վերլուծաբանների, Ռուսաստանի ՀՆԱ-ն տարվա կտրվածքով կկրճատվի 3,5 տոկոսով:

Ռուս-ուկրաինական հակամարտության առաջին իսկ օրերից հայաստանյան տնտեսագիտական շրջանակների դիտակետում է այս իրավիճակի անդրադարձը ՀՀ տնտեսության վրա՝ հաշվի առնելով ՀՀ և ՌԴ տնտեսության փոխազդեցությունը և ինտեգրման աստիճանը:

Ինչպիսի՞ հնարավոր խնդիրների կբախվեն ՀՀ քաղաքացիները՝ նկատի ունենալով, որ վերջին՝ 2021 թվականի տվյալներով՝ Հայաստան մտնող տրանսֆերտների շուրջ 41 տոկոսը հենց ՌԴ-ից է, արտագնա աշխատանքի մեկնողների և արտահանման հիմնական ուղղությունը ևս Ռուսաստանի Դաշնությունն է՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն արձանագրեց.

«Հայաստանի ազգաբնակչության մոտ 10-12 տոկոսը, առանձին դեպքերում՝ մինչև 14 տոկոսը գոյատևում է հենց ՌԴ-ից եկած տրանսֆերտների հաշվին: Հետևաբար՝ ռուբլու արժեզրկումը կազդի այդ քաղաքացիների գնողունակության վրա: Իհարկե, ոչ բոլոր տրանֆերտներն են ռուբլով կատարվում, բայց դրանից պատկերը շատ չի փոխվում, որովհետև արտագնա աշխատանքի մեկնածներն իրենց աշխատանքի արդյունքն են ուղարկում, իսկ աշխատանքն ավելի ցածր է սկսում գնահատվել. ռուբլով են իրենց եկամուտը ստանում:

Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանից արտահանողները պետք է հաշվի առնեն՝ ՌԴ-ում գնողունակ պահանջարկն անկում է ապրել արդեն. եթե կարճ ժամանակահատվածում խնդիրը չկարգավորվի, ապա հնարավոր է՝ Հայաստանից արտահանման ծավալները կրճատվեն»:

Տնտեսագետը հավելեց, որ արտահանման կրճատումն իր հերթին՝ առաջ կբերի գործազրկության աճ, սոցիալական նոր խնդիրներ:

Անդրադառնալով SWIFT համակարգին առնչվող սահմանափակումներին՝ Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ դա պարզ քաղաքացիների վրա լրջորեն չի անդրադառնա, քանի որ այդ համակարգից հիմնականում օգտվում են գործարարները գործարքներ սպասարկելու համար:

Ի դեպ, նրա դիտարկմամբ, այդ խնդիրը հնարավոր է շրջանցել այլըտրանքային եղանակների օգտագործմամբ:

Նա, առհասարակ, չի գերագնահատում Հայաստանյան տնտեսության վրա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը՝ նկատելով. «Դրանք կլինեն, իհարկե, բայց ոչ այնպես, ինչպես հիմա գուժում են: Հայաստանի տնտեսությունը տարբերվում է ՌԴ տնտեսությունից՝ ավելի դիվերսիֆիկացված է. մենք նավթային, գազային տնտեսություն չենք»:

Մասնագետը հիշեցրեց նաև համանման իրավիճակ, երբ 2014-15թթ․ ՌԴ-ի դեմ գործադրվել էր պատժամիջոցների առաջին փաթեթը և ռուսական ռուբլին արժեզրկվել էր, իսկ դրա ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ցցուն չեղավ:

Հարցին, թե դերակատարում չունի՞ նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մեջ լինելը, Թաթուլ Մանասերյանն արձագանքեց.

«Նշանակություն չունի. մենք տնտեսական ինտեգրացիայում այսօր շատ ավելի ձեռնտու վիճակում կարող ենք հայտնվել, ինտեգրացիոն կապերը մեզ ավելի կարող են օգնել:

Օրինակ, ես կառավարությանը կհորդորեի աջակցել գործարարներին՝ ՌԴ-ից և Ուկրաինայից ավելի մեծ քանակությամբ հումք ներկրել Հայաստան, այստեղ դա պատրաստի ապրանքի վերածել ու արտահանել դոլարային գոտի, որտեղ արժույթը շատ ավելի բարձր է. այսպիսով, մենք կրկնակի կշահենք»:

Տնտեսագետը, սակայն, թերահավատ է, թե իշխանություններն ականջալուր կլինեն փորձագետների կարծիքներին. «Ես շատ այլ առաջարկներ ունեմ, բայց, ցավոք սրտի, այս կառավարությունն «ամենագետներից» է բաղկացած, և դրանց կարիքը չի զգում»:

Տեսանյութեր

Լրահոս