Ինչո՞ւ որոշեցին «ջրի գնով» վաճառել պետությանը «նվիրաբերված» գույքը

Յոթ անգամ աճուրդում չվաճառվելուց հետո՝ կառավարությունը որոշեց ամեն գնով ազատվել անհատույց ստացած՝ Ծաղկաձորում գտնվող հայտնի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրից։ Դրա համար ոչ միայն էապես նվազեցվեց նախնական գինը, այլև գնորդին տրվեց գումարը տարաժամկետ վճարելու չափազանց արտոնյալ հնարավորություն. ոչ ավել, ոչ պակաս՝ 5 տարի ժամանակ։

Փողը, որը պետությունը պիտի ստանար այդ գույքի վաճառքից անմիջապես հետո, ստանալու է 5 տարվա ընթացքում։ Հինգ տարի հետո, կասկած չկա, որ այդ գումարի իրական արժեքը շատ ավելի փոքր է լինելու, քան այսօր է։

Դեռ չհաշված, որ այն վաճառվեց ի սկզբանե գնահատված արժեքից 5 մլն դոլարով ցածր գնով։

Երբ այս գույքը «նվիրաբերվեց» կառավարությանը, այն գնահատվում էր 7,5 մլրդ դրամ։ Այդ գնով էլ սկզբում ներկայացվեց աճուրդի։ Բայց ի վերջո վաճառվեց 5 մլրդ դրամով։ 2,5 միլիարդով ավելի ցածր գնով, քան ի սկզբանե ակնկալվում էր։

2,5 տարվա ընթացքում կառավարությունն իրեն «նվիրաբերած» գույքի արժեքը 2,5 միլիարդ դրամով գցեց։ Չնայած, որ այդ ընթացքում անշարժ գույքի գները մեր երկրում շարունակել են բարձրանալ։ Առավել ևս՝ ակտիվ են բարձրացել այն հատվածում, որտեղ գտնվում էր այդ գույքը։

Անցած տարի Ծաղկաձորում անշարժ գույքը թանկացել է գրեթե 16 տոկոսով։

Եթե 2020թ. դեկտեմբերին բնակարանների միջին գներն այստեղ կազմում էին 282 հազար դրամ, ապա անցած տարվա դեկտեմբերին հասել են 327 հազար դրամի։ Մեկ քառակուսու գինը բարձրացել է շուրջ 45 հազար դրամով։ Գրեթե նույն պատկերն է նաև երկու-երեք տարի առաջվա կտրվածքով։

Թանկացման այս միտումը, բնականաբար, ոչ միայն բնակարանների, այլև մյուս անշարժ գույքերի, այդ թվում՝ այն հյուրանոցային համալիրի դեպքում է, որը կառավարությունը հանել էր վաճառքի։

Այդ պայմաններում տրամաբանական կլիներ, որ դրա գնահատման գինը բարձրանար։ Այնինչ՝ հակառակն է եղել։

Կառավարությունը, կամ, կարևոր չէ, թե կառավարության որ ենթակա մարմինն է իրականացրել գնահատումը, բայց 2,5 տարվա ընթացքում համալիրի գնահատման գինը նվազեցվել է ավելի քան 20 տոկոսով, իսկ վերջում վաճառվել՝ ի սկզբանե աճուրդի ներկայացված նախնականից մեկ երրորդով ավելի ցածր գնով։

Վերջին անգամ այն գնահատվել է 5 մլրդ 602 մլն դրամ։ Խոսքը միայն անշարժ գույքի մասին է։ Եվս 305 մլն դրամ կազմել է շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքը։ 5 մլրդ 907 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 5 միլիարդով։ Իսկ ի՞նչ եղավ 907 մլն դրամը։ Ի՞նչ հիմքով է այն նվազեցվել։

Ընդհանրապես այս գործարքի հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում։ Տարաժամկետ վճարումները շատ ռիսկեր են պարունակում։

Ի՞նչ է լինելու, եթե 1 կամ 2 տարի հետո գնորդը սնանկանա, իսկ գույքը գրավադրված լինի բանկում՝ վարկերի դիմաց։ Ո՞վ պիտի վճարի պետության փողերը։

Սրանք հարցեր են, որոնց պատասխաները պարզ չեն։

Հասկանալի է, որ այս ընթացքում այդ գույքը հասցրել է նաև մաշվել։ Բայց 2,5 տարում կարո՞ղ էր այնքան մաշվել, որ կորցներ իր արժեքի մեկ երրորդը։ Նույն է թե՝ 2,5-3 տարի առաջ Ծաղկաձորում 45 հազար դոլարով վաճառքի հանված բնակարանի գինն այսօր դարձած լինի 30 հազար դոլար, երբ այդ ընթացքում անշարժ գույքի գները բարձրացել են 15-16 տոկոսով։

Եթե բարձրացել են, նշանակում է՝ բոլորի գներն էլ բարձրացել են։ Մի դեպքում՝ դա կարող է լինել ավելի շատ, մյուս դեպքում՝ ավելի քիչ։ Բայց ընդհանուր պատկերը չի կարող շատ տարբերվել։

Հիմա այսպիսի իրավիճակում կառավարությանը «նվիրաբերած» գույքի գինը ոչ թե բարձրացել է, այլ էապես նվազել։

Թե ինչո՞ւ, կարելի է հազար ու մի պատճառաբանություն բերել։ Անկախ այդ պատճառաբանություններից, նման դեպքերում սովորաբար մի հարց է առաջանում՝ կարո՞ղ են այստեղ կոռուպցիոն ռիսկեր լինել։ Այս հարցի պատասխանը թողնենք ընթերցողին։

Ուղղակի հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, պետությանը պատկանող բազմաթիվ անշարժ գույքերի վաճառքի գործարքների հետ կապված գործեր հարուցեցին՝ այն պատճառաբանությամբ, որ դրանք ժամանակին իրական արժեքից ցածր են գնահատվել, գնահատված ցածր գնով էլ վաճառվել են, ինչի հետևանքով պետությանը ֆինանսական մեծ կորուստներ են պատճառվել։

Կարո՞ղ է լինել նման խնդիր այս գործարքի պարագայում, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։

Ամեն դեպքում՝ 2,5 կամ նույնիսկ 3 տարում գնահատված գնի մեկ երրորդով նվազեցումը որոշակի կասկածներ է առաջացնում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ընթացքում գույքը հասցրել է որոշ չափով մաշվել։

Տպավորություն է, որ ամեն ինչ արել են, որպեսզի գործարքը կայանա։ Ի վերջո, 7 անգամ աճուրդում ներկայացնելուց հետո չկարողանալով վաճառել՝ կառավարությունը հայտնվել էր բավական անհարմար վիճակում։ Մարդիկ պարզապես մոտ չէին գալիս այնպիսի մի գույքի, որը հայտնի չէ, թե ինչ պայմաններում էր հայտնվել կառավարության ձեռքում։ Ուստի կառավարությունը խնդիր ուներ ցույց տալու, որ այդպիսի գույքն էլ գնորդ ունի։

Դրա համար էլ հավանաբար գնացել է նման զիջումների։ Ոչ միայն էապես նվազեցրել է վաճառքի գինը, այլև երկարաժամկետ վճարելու հնարավորություն է տվել։

Եվ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ինչո՞ւ են այդքան առատաձեռն գտնվել, ձեռքի հետ էլ վաճառքի գործարքում գրել են, որ գնորդը պարտավորվում է 4,5 մլրդ դրամի ներդրումներ անել և առնվազն 100 աշխատատեղ բացել։

Պարզ է, որ սա ավելի շատ ձևական պահանջ է։ Այսպես թե այնպես, գնորդն այդ ներդրումներն անելու էր, որպեսզի կարողանար համալիրն աշխատացնել։ Իսկ եթե պիտի աշխատացներ, բնական է, որ նաև աշխատողներ պիտի ունենար։ Հազիվ թե կարելի է կարծել, որ գործարարը 10 մլն դոլար պատրաստ է վաճարել մի գույք ձեռք բերելու համար, որը հետո չպիտի աշխատի։

Ինչևէ, 2,5 տարվա անհաջող փորձերից հետո գործարքը կնքված է։ Անհայտ ճանապարհով կառավարությանն անցած առաջին գույքն ի վերջո վաճառվեց։ Վաճառվեց ոչ թե աճուրդով, այլ մրցույթով։ Թեև սա նույնիսկ մրցույթ դժվար է համարել։ Այն ավելի շուտ նման է ուղղակի վաճառքի, քան մրցույթի։ Այլ գնորդներ չեն էլ եղել։

Ակնհայտ է, որ շատերն այդպես էլ չուզեցան մոտ գալ կասկածելի ծագում ունեցող այդ գույքի վաճառքին։ Այնուհանդերձ գտնվեց մեկը, ով համարձակվեց մտնել նման բեռի տակ։

Թե ի՞նչ կլինի հետագայում, հետո կերևա։ Բայց փաստ է, որ այդպիսի դեպքերում սովորաբար միշտ խնդիրներ են ծագում։ Դա է պատճառը, որ գնորդները հիմնականում հեռու են մնում նման կասկածելի ծագում ունեցող գույք ձեռք բերելուց՝ հետագայում գլխացավանքից զերծ մնալու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս