Որտե՞ղ է կառավարության քայլերի տրամաբանությունը

Կառավարությունը հաճախ այնպիսի հակասական քայլեր է անում, որ պարզապես կարելի է ապշել. իբր ուզում են ջերմոցային տնտեսությունը խթանել, պետական բյուջեից միջոցներ են հատկացնում ջերմոցների և հատկապես փոքր ու միջին ջերմոցների կառուցումը սուբսիդավորելու համար, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որպեսզի դրանք չկարողանան աշխատել։

Քիչ է, բացում են սահմանը թուրքական ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքների համար, մի բան էլ գազն են թանկացնում, որ ջերմոցներում արտադրվող գյուղմթերքն ընդհանրապես կորցնի մրցունակությունը։

Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը կառավարությունը հաստատել է դեռևս 2019թ.։ Այն նպատակ ուներ խթանել ջերմատների կառուցումը, ինչը պիտի հնարավորություն տար բարձրացնել դրանց արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստեր տնտեսվարողների եկամուտների ավելացմանը: Այդ նպատակով էլ տնտեսվարողներին ցուցաբերվել է պետական աջակցություն` ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով:

Ծրագրով նախատեսվում էր 3 տարում կառուցել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսություններ։

Ջերմոցներ այս ընթացքում կառուցվել են, այլ բան է, թե դրանք որքանո՞վ կկարողանան աշխատել և արդարացնել այն ներդրումները, որոնք պետական բյուջեի հաշվին կառավարությունը կատարում է Հայաստանում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունները զարգացնելու համար։

Հայտնի է, որ ջերմատնային տնտեսության գործունեությունը մեծապես կախված է էներգակիրների գնից։ Հատկապես փոքր ջերմոցների դեպքում արտադրանքի ինքնարժեքի ընդհուպ մինչև 60-70 տոկոսն էներգակիրներն են։

Երբ էներգակիրները, առավել ևս՝ գազը, թանկանում են, դա ուղղակիորեն ազդում է արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքի վրա։ Արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է՝ ընկնում է մրցունակությունը։

Հայկական գյուղմթերքը, հատկապես՝ ջերմոցային գյուղմթերքը, առանց այդ էլ թանկ է և շատ դեպքերում պարզապես չի կարողանում մրցակցել այլ երկրների արտադրանքի հետ։

Խնդիրն առկա է ոչ միայն՝ արտաքին, այլև՝ նույնիսկ ներքին շուկայում։ Ներմուծվող գյուղմթերքը բազմաթիվ պատճառներով պարզապես դուրս է մրցակցությունից։

Այդ պատճառներից մեկն էլ գազի բարձր գինն է, ինչը հանգեցնում է արտադրանքի ինքնարժեքի բարձրացման։ Փոխարենը մտածեն այդ խնդիրն ինչ-որ կերպ լուծելու և գազի սակագնից կախված ճնշումը ջերմոցային տնտեսությունների վրա թուլացնելու մասին, մի բան էլ ուժեղացնում են. բարձրացնում են ջերմոցային տնտեսություններին մատակարարվող գազի սակագինը։

Նախորդ անգամ դա տեղի ունեցավ 2020թ., սպասվում է, որ հերթական թանկացումը կլինի արդեն այս տարվա ապրիլի 1-ից։ Ինչպես հայտնի է՝ գազամատակարար ընկերությունը ներկայացրել է սակագների վերանայման հայտ, որով առաջարկվում է ջերմոցային տնտեսության համար գործող սակագները բարձրացնել 58-89 դոլարով կամ ավելի քան 26 տոկոսով։ Եթե հիմա դրանք վճարում են հազար խորանարդ մետրի համար 224 դոլար, առաջարկվում է դարձնել 282,6 դոլար։

Նախորդ անգամ էլ ջերմոցային տնտեսությունների համար գազի սակագինը բարձրացավ՝ 212-ից դառնալով 224 դոլար, ինչը բացասաբար ազդեց ջերմոցային տնտեսության արտադրանքի ինքնարժեքի վրա։ Հիմա սպասվում է շատ ավելի կտրուկ թանկացում՝ իր ծանր հետևանքներով։

Մինչդեռ՝ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չէր, և չկար ջերմոցային տնտեսությունների աջակցության պետական ծրագիրը, ջերմոցային տնտեսությունը զարգացնելու ու խթանելու համար շատ կարևոր քայլ էր կատարվել. սահմանվել էին արտոնյալ սակագներ՝ հաշվի առնելով գազի գնի ազդեցությունը ջերմոցային արտադրանքի ինքնարժեքի ձևավորման վրա։

Դա ժամանակին տվեց իր արդյունքը։ Եվ ոչ միայն ջերմոցային տնտեսության, այլև վերամշակող արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ ևս զարգացումները խթանելու համար սահմանվել էին արտոնյալ սակագները։

Եթե արվի այնպես, ինչպես առաջարկել է գազամատակարար ընկերությունը, ապա այդ արտոնյալ սակագներից այլևս ոչինչ չի մնա։ Թե դա ինչպե՞ս կանդրադառնա ջերմոցային տնտեսությունների, առավելապես՝ փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների վրա, դժվար չէ պատկերացնել։

Պատահական չէ, որ ոլորտում զբաղված բազմաթիվ տնտեսվարողներ ահազանգ են հնչեցնում այդ պայմաններում հետագա տնտեսվարումը շարունակելու անհնարինության վերաբերյալ։ Նրանք անհանգստացած են գազի սակագնի սպասվող բարձրացումից։ Հատկապես որ, գազից բացի, փետրվարի 1-ից թանկացել է նաև էլեկտրաէներգիան։

Էներգակիրների թանկացումից բացի, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների համար մեկ այլ լուրջ խնդիր է թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի վերացումը։ Հունվարի 1-ից այլևս սահմանները բաց են թուրքական ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքների համար։ Այնպես չէ, որ արգելանքի ժամանակ թուրքական ապրանքներ, նաև գյուղմթերք չէր գալիս Հայաստան, բայց դրանց ծավալները զգալիորեն նվազել էին։ Հիմա այլևս ներմուծման արգելք կամ խոչընդոտ չկա։

Հայաստանյան արտադրողների համար միշտ էլ խնդիր է եղել հատկապես թուրքական լոլիկը։ Ժամանակին, թեև արգելանք, որպես այդպիսին, չկար, այնուհանդերձ պետական մակարդակով առնվազն սահմանափակումներ էին դրվում թուրքական լոլիկի ներմուծման նկատմամբ՝ տեղական արտադրանքը պաշտպանելու նպատակով։ Այժմ, երբ քննարկվում է նաև Թուրքիայի հետ սահմանները բացելու և ազատ առևտուր անելու հնարավորությունը, թուրքական գյուղմթերքի անխափան ներմուծումը լուրջ գլխացավանք է դառնալու ոչ միայն ջերմոցային տնտեսության, այլև ընդհանրապես Հայաստանի գյուղատնտեսության համար։

Մեր գյուղատնտեսության մրցունակությունն առանց այդ էլ ցածր է։ Քայլերը, որոնք իբր թե արվում են ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման և արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ, չեն տալիս այն արդյունքը, որն ակնկալվում է։ Վերջին տարիներին իրականացված և ոչ մի ծրագիր չի փայլել իր բարձր արդյունավետությամբ։

Գյուղատնտեսությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր տնտեսության ամենացածր արտադրողականություն ունեցող ոլորտը։ Չնայած այնպես չէ, որ մյուս ոլորտներում իրավիճակը շատ է փոխվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս