
Միութենական պետությունը բաց է բոլորի համար. Զախարովան անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարությանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հասցեին թույլ տված ոչ կոռեկտ արտահայտությանը:
Մասնավորապես Զախարովան նշեց. «Նա (խմբ. – Լուկաշենկոն) չի խոսել Միութենական պետության մասին, նա խոսել է հնարավոր ինտեգրացիոն գործընթացների և անվտանգության, տնտեսության ու այլ ոլորտներում միավորումների մասին»: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ դա Լուկաշենկոյի տեսլականն է: Ինչ վերաբերում է Միութենական պետությանը, ապա այն, Զախարովայի խոսքով, «փակ միավորում չէ, այն թույլ է տալիս այլ մասնակից պետությունների միանալու հնարավորությունը, այս տեղեկությունը վաղուց հայտնի է և դրանում որևէ նոր բան չկա»: