
Շոլցը խոսել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամության անհրաժեշտության մասին

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ցանկացած պահի, կախված Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման հետ, պատրաստ են որոշում ընդունել հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Դանիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մենք միակարծիք ենք, որ բոլորս միասին ենք գործելու: Դրանք զգալի չափով նախապատրաստվել են»,- ասել է նա:
Կանցլերը հայտարարել է նաև, որ Արևմուտքի երկրները պետք է պատրաստ լինեն շարունակելու երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ձևաչափերով: «Մենք համոզված ենք, որ պետք է պահպանել երկակի մոտեցումը: Նախ և առաջ, պետք է պատրաստակամ լինել երկխոսել տարբեր մակարդակներով ու ձևաչափերով»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ եթե բանը հասնի Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիային, Արևմուտքի երկրները պետք է հնարավորություն ունենան արձագանքելու: