Որքա՞ն զոհ ենք ունեցել ապրիլյան քառօրյային. Փաշինյանը չէր հիշում, Մամիջանյանի հարցին չպատասխանեց
Այսօր կառավարոuթյան հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե հայկական կողմն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որքա՞ն զոհ է ունեցել։
«Ես իմ ձեռքի տակ ունեմ Քննչական կոմիտեի տվյալը, այսօրվա դրությամբ հետևյալն է, ցավալի վիճակագրություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և ցանկանում էր միտքը շարունակել, երբ դահլիճից ասացին, որ վերջինս ներկայացնում է 44-օրյա պատերազմի տվյալները, ոչ թե քառօրյա։
«Ահ, կներեք ապրիլյան պատերազմի, ես այս պահին չեմ կարող անգիր հիշել, կներեք, ես ուղղակի սխալ լսեցի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով, Հայկ Մամիջանյանն ասաց, որ տրամաբանությունն այն է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հաղթանակից հետո տևական ժամանակ մի շարք լրատվամիջոցներ, որոնցում այն ժամանակ աշխատում էին Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներ, անդադար արծարծում էին 100-ից ավելի զոհերի թիվը։
«Հիմա ձեր նախորդ որակումը՝ կապված զոհերի թվի հիշատակման հետ և վերջին աղետալի պատերազմի հետ, ունենք զոհերի չճշտված թիվ, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ ունեինք զոհերի ճշտված թիվ, ցանկալի կլինի, որ մեր գործընկերները, որոնք այս ընթացքում նույնպես օգտագործում են տվյալ, որը փաստական որևէ հիմք չունի և մանիպուլյատիվ է, այլևս նման կերպ չվարվեն»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դիտարկումը ճիշտ է համարում, և այդ համատեքստում հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում ասել էր, որ վերջին պատերազմում Հայաստանն ունեցել է 5000 զոհ, այդ տվյալները որտեղի՞ց։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում