«Զանգեզուր միջանցքը» կարո՞ղ է դառնալ նոր «Մարշալի պլան», ինչին «հավակնում էր» «Մեկ գոտի, մեկ ճանապարհը»
«Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն ադրբեջանական փորձագիտական և վերլուծական որոշ շրջանակներ համարում են «Մարշալի պլան» Հարավային Կովկասում:
Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն, որ ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան, այլև Մոսկվան, Իրանն են հետաքրքրված Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ ապաշրջափակմամբ:
Ասել կուզեն՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական և կոմերցիոն հետաքրքրությունների նման համընկնում առաջատար և գլխավոր խաղացողի համարում ունեցող երկրների կողմից, հազվադեպ հանդիպող երևույթ է:
Ըստ այդմ՝ ադրբեջանական կողմը գտնում է, որ սխալ կլինի շինարարական համապատասխան աշխատանքների ձգձգումը:
Ադրբեջանը, մասնավորապես, ակնկալում է Նախիջևանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակում և այդ ճանապարհագծի միջոցով զգալի ծավալների բեռնափոխադրումների հնարավորություն թուրքական շուկա:
Բացի այս, միջանցքի զարգացումը Նախիջևանին «տալու» է Եվրասիայի տրանսպորտային հանգույցի կարգավիճակ:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» շոշափելի առավելություններ կարող է տալ նաև Իրանին, հատկապես, երբ ավարտին չի հասցվել Ռեշտ-Աստարա 210 կմ-անոց երկաթգծային հատվածի շինարարությունը:
Հեռանկարում նախատեսվում է, որ «Զանգեզուրի միջանցքին» կմիանան նաև բեռնափոխադրողներ Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնք հետաքրքրված են դեպի Թուրքիա կարճ ճանապարհներով: Իսկ Կենտրոնական Ասիայի երկրները նոր միջանցքով տարանցիկ կարող են տեղափոխել բամբակ, տեքստիլ և այլն:
Ադրբեջանում վստահ են՝ տարածաշրջանային լոգիստիկ նոր միջանցքի պոտենցիալի արժեքը հասկանում են նաև Մերձավոր Արևելքի երկրները, ինչպես նաև՝ Չինաստանը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում, ավելին, Ադրբեջանում հույսեր են փայփայում, որ միջանցքի ներուժը ապագայում արժևորելու են նաև ԵՄ-ում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մի շարք առավելությունների շարքում, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանը կարող է ելք ունենալ Կենտրոնական Ասիայի երկրներ՝ ադրբեջանական Ալյաթ նավահանգստով: Կարճ ասած՝ «Զանգեզուրի միջանցքը», ըստ ադրբեջանական կողմի, հանդիսանալու է իրական պատուհան դեպի մեծ աշխարհ: Բնականաբար, միջանցքի գործարկման արդյունքում ՀՀ-ի համար անվտանգային հնարավոր ռիսկերի մասին թուրք-ադրբեջանական կողմը լռում է, փոխարենը՝ շարունակում է նախապայմանների լեզվով խոսել՝ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից:
Նախիջևանի հատվածում լայնամասշտաբ գործողությունների հնարավորության համատեքստում անցած տարի 168.am–ի հետ զրույցում Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ Գրիգոր Գրիգորյանն ուշադրություն էր հրավիրել հետևյալ փաստի վրա.
«Այստեղով անցնում է և՛ «Մեծ Թուրանը», և՛ Մետաքսի ճանապարհը, և որը հաղթեց, այն ճանապարհն էլ կբացվի: Նորից գալիս ենք Արևմուտք-ՌԴ շահերի բախման, «Մեծ Թուրանը» Արևմուտքն է, Թուրքիան, ԱՄՆ-ը, «Մետաքսի ճանապարհը»՝ ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան»:
Ի՞նչ է ստացվում՝ «Մեծ Թուրանի» և «Մետաքսի ճանապարհի» կողմնակիցներին «Զանգեզուրի միջանցքը» կարողացե՞լ է միավորել, թե՞ այլ տարաձայնությունների պատճառ կարող է հետագայում դառնալ:
Ի դեպ, ժամանակին մի շարք փորձագետներ կարծում էին, որ հենց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն է դառնալու «նոր Մարշալի պլանը» ամբողջ եվրասիական տարածաշրջանի համար:
Այսօր, փաստորեն, Ադրբեջանում նման «ճակատագիր» տեսնում են «Զանգեզուրի միջանցքի» համար: Թե ով է ճիշտ իր կանխատեսումներում, ցույց կտա ժամանակը:
«Մեկ գոտի, մեկ ճանապարհը» ենթակառուցվածքների զարգացման և ներդրումների ռազմավարություն է, որի նպատակն է՝ խորացնել առևտրային, ներդրումային և ենթակառուցվածքային կապերը Չինաստանի և տարածաշրջանի 65 երկրների միջև:
Ինչ վերաբերում է «Մարշալի պլանին», այն Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո ԱՄՆ-ի տնտեսական օգնությամբ վերականգնման և զարգացման ծրագիր էր, որը, ըստ էության, հետագայում նպաստեց ՆԱՏՕ-ի ստեղծմանը:
Արևելաեվրոպական երկրներում հաստատվել էին պրոխորհրդային կոմունիստական վարչակարգեր, կային սոցիալ-տնտեսական խնդիրները: Այսինքն, լուրջ վտանգ կար, որ Արևմտյան Եվրոպայում կոմունիստական կուսակցությունները կարող են օգտագործել հետպատերազմյան դժվարությունները և ապահովել առաջխաղացում, ինչը հարված էր ԱՄՆ-ի շահերին:
Եվ 1947 թվականի հունիսի 5-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալը Հարվարդի համալսարանում ներկայացրեց «Մարշալի պլանը», որով նախատեսվում էր օգնություն ցույց տալ արևելաեվրոպական երկրներին, նույնիսկ՝ ԽՍՀՄ-ին, եթե, իհարկե, այնտեղ փոխվեին տնտեսավարման մեթոդները:
1948 թվականի ապրիլին հիմնադրվեց Եվրոպայի տնտեսական համագործակցություն կազմակերպությունը (ԵՏՀ), որի անդամները դարձան «Մարշալի պլանի» մասնակից պետությունները:
1948 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատեց Եվրոպային տնտեսական օգնություն ցույց տալու մասին օրենքը, սակայն ԱՄՆ կառավարությունը գերադասեց «Մարշալի պլանի» մասնակից պետություններից յուրաքանչյուրի հետ կնքել առանձին՝ երկկողմանի պայմանագիր` պարտադրելով ԱՄՆ-ին ձեռնտու պայմաններ:
ԱՄՆ այս ծրագիրը փոխեց քաղաքական իրադրությունն Արևմտյան Եվրոպայում, այն է՝ ձախ կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունները կորցրեցին իրենց ազդեցությունը և ընտրազանգվածը: Երկրորդ՝ վերականգնվեց արևմտյան Եվրոպան, մյուս կողմից, ըստ մասնագետների, ամրապնդվեց երկբևեռ աշխարհակարգը: