«Արևմուտք-Ռուսաստան շահերի բախումներ են. Երասխի հատվածում լարվածությունը սցենարի կետերից մեկն է՝ առանձին կամ համատեղ». Գրիգոր Գրիգորյան

Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Ըստ ՊՆ հաղորդագրության, իրավիճակը շարունակել է լարված մնալ մինչև հուլիսի 20-ի ժամը 02։00-ն:

ՀՀ զինված ուժերը հայտարարել է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանի դիտարկմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, առհասարակ, նախիջևանյան թևում իրավիճակը դեռ կառավարելի է, բայց հետագայում չի բացառվում, որ ինչ-որ պահի այս հատվածում առավել լայնամասշտաբ մարտական գործողություններ լինեն:

«Ես դեռ մի քանի տարի առաջ եմ ասել, որ լայնածավալ գործողություններ կարող են սկսվել այստեղից»,- 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց պահեստազորի գնդապետը:

Նշենք, որ 2019-ին 168.am-ի հետ զրույցում Գ. Գրիգորյանը կարծիք էր հայտնել, որ «ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել, և մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջևանյան թևի հետ է կապված լինելու»:

«Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում. առաջին՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի, և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն՝ ՀՀ-ի կործանման խնդիր է դրված, և չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան: Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ: Եթե ռուսական զորքը հանեն Հայաստանից, 2 ժամում թուրքական բանակը Երևանի կենտրոն կհասնի»,- ասել էր նա:

Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական կողմից վերջին օրերի լարվածությունը Երասխի հատվածում կամ նախիջևանյան թևում, արդյո՞ք այս ձևով փորձ է արվում ճնշում գործադրել ՀՀ-ի վրա՝ ստանալու Տիգրանաշենը:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահը հարցն ավելի լայն՝ աշխարհաքաղաքական շահերի կոնտեքստում դիտարկեց:

«Արևմուտք-Ռուսաստան շահերի բախումներ են, Թուրքիան ինքն Արևմուտքի ձեռքի գործիքն է: Իմ կարծիքով, այս լարվածությունը սցենարի կետերից մեկն է»,- շեշտեց նա՝ միաժամանակ չբացառելով, որ սա կարող է և՛ առանձին Արևմուտքի սցենարի բաղադրիչ լինել, և՛ ՌԴ-Արևմուտք համատեղ սցենարի:

«Հնարավոր է, որ ցանկանան Թուրքիային «ժերտվա» տալ, հետո ամեն մեկն իր հասանելիքը վերցնի, որին կարող են հասնել պատերազմի միջոցով: Այսօր Թուրքիան վերահսկողությունից դուրս է եկել ինչ-որ առումով, փորձում է՝ ինչ ուզում է, անել՝ մտածելով, որ փողով կարելի է ամեն ինչ առնել՝ Եվրոպառլամենտից մինչև Եվրոդատարան»,- ասաց ազատամարտիկը:

Վերադառնալով սահմանին իրավիճակը կառավարելի պահելու՝ հայկական զինված ուժերի կարողություններին, Գրիգորյանը նշեց, որ այս փուլում և նույնիսկ՝ 2-րդ փուլում կարող ենք նախիջևանյան թևում իրավիճակը վերահսկել, բայց եթե գործողությունների մասշտաբը մեծանա, ավելին՝ այն ղեկավարվի «փառապանծ» գերագույն հրամանատարության կողմից, ապա ունենալու ենք, ինչ արդեն ունեցել ենք:

Այս համատեքստում ազատամարտիկն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս դեպքում գործ ունենք Նախիջևանի առանձին համազորային բանակի հետ, որի դեպքում թուրքական ազդեցությունն էլ ավելի մեծ է:

«Հաշվեք, որ Թուրքիան պաշտոնապես գտնվում է Նախիջևանում: Նրա զորքերն այնտեղ առկա են, և թուրքական զինուժի ներկայությունն Ադրբեջանում այնքան մեծ չէ, որքան Նախիջևանում: Եվ եթե պատերազմ սկսվի, կարող ենք ասել, որ պատերազմելու ենք առաջին հերթին Թուրքիայի դեմ, ոչ թե Ադրբեջանի»,- ընդգծեց Գրիգորյանը:

Թե որքանո՞վ է աշխարհագրական դիրքը բարենպաստ պատերազմական գործողությունների համար Նախիջևանի հատվածում՝ հարցին, Գրիգոր Գրիգորյանն այսպես արձագանքեց.

«Այստեղով անցնում է և՛ «Մեծ Թուրանը», և՛ Մետաքսի ճանապարհը, և որը հաղթեց, այն ճանապարհն էլ կբացվի: Նորից գալիս ենք Արևմուտք-ՌԴ շահերի բախման, «Մեծ Թուրանը» Արևմուտքն է, Թուրքիան, ԱՄՆ-ը, «Մետաքսի ճանապարհը»՝ ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան»:

Ըստ պահեստազորի գնդապետի՝ այսօր ոչ միայն նավթային, գազային ռեսուրսների տիրապետման պայքար է գնում, այլ ջրային ռեսուրսների, ինչի խնդիրն ամբողջ աշխարհում գնալով սրվելու է:

Ի դեպ, ինչպես գաղտնազերծել էր ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի:

Տեսանյութեր

Լրահոս