Ալիևը նոր օրենք է ստորագրել
Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենք, որը, փորձագետների կարծիքով, մեծապես կբարդացնի երկրում մնացած լրագրողների կյանքը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Այժմ լրագրողները պարտավոր են գրանցվել մեկ գրանցամատյանում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտասահմանից:
Լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում պետք է ստեղծվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։
Որոշ հոդվածների համաձայն՝ (26 և 74) բարձրագույն կրթություն չունեցողները, անաշխատունակները, նախկինում ծանր հանցագործությունների և «հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների» համար դատապարտվածները չեն կարող գրանցվել, ստեղծել զանգվածային լրատվության միջոցներ և մասնակցություն ունենալ դրանց գործունեությանը։
Քաղաքական կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ, իսկ տեղական մամուլն իրավասու չէ օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։
Բացի այդ, լրատվամիջոցը միասնական ռեգիստրում գրանցվելիս գործադիր իշխանություններին պետք է տրամադրի հիմնադրի, խմբագրի և բոլոր լրագրողների հասցեները, անձը հաստատող փաստաթղթի համարները և կոնտակտները (հոդված 73):
Ադրբեջանի լրագրողական համայնքի ներկայացուցիչներից շատերի կարծիքով` նոր օրենքը, թեև ուղղակիորեն չի մատնանշում բոլոր լրագրողների՝ գրանցամատյան մուտք գործելու պարտավորությունը, կարող է նրանց վրա ճնշում գործադրելու պատրվակ դառնալ։
«Լրագրողների համար ռեգիստրում ընդգրկվելու համար շատ խիստ և անօրինական պահանջներ են կիրառվում՝ բարձրագույն կրթությունը, քրեական անցյալ չունենալը: Այսինքն՝ լրագրողին ներկայացվող պահանջները չափազանց բարձր են»,- նշել է մեդիա իրավունքի մասնագետ Ալեսքեր Մամեդլին: