«ԿովիՎակ»-ի մշակողը օմիկրոնի դեմ դրա արդյունավետությունը գնահատել է 67 տոկոս
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Չումակովի անվան կենտրոնն առաջիկայում կհրապարակի տվյալներ «ԿովիՎակ» պատվաստանյութի արդյունավետության եւ օմիկրոն տարատեսակի նկատմամբ դելտա-շտամի դեմ նոր պատվաստանյութի արդյունավետության մասին:
Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԳԱ-ի Չումակովի անվան կենտրոնի ղեկավար Այդար Իշմուհամետովը: «Առաջիկայում կհրապարակվեն մեր հետազոտությունների տվյալները, որոնք խոսում են «ԿովիՎակ» պատվաստանյութի եւ օմիկրոն շտամի նկատմամբ դելտա-շտամի նոր պատվաստանյութի չեզոքացման աստիճանի մասին»,-փետրվարի 9-ին ասել է Իշմուհամետովը:
«Այժմ ես կարող եմ ասել, որ «ԿովիՎակ»-ի՝ օմիկրոն շտամի չեզոքացման արդյունավետությունը կազմում է 67 տոկոս»,-հավելել է Կենտրոնի ղեկավարը: Իշմուհամետովը նշել է, որ Չումակովի անվան կենտրոնն ինքնուրույն պատվաստանյութ չի մշակում օմիկրոն շտամի դեմ: «Ո՛չ, այդպիսի աշխատանք մենք չենք կատարում»,-ասել է նա:
Նա նաեւ հայտնել է, որ Չումակովի անվան կենտրոնը ձեռնամուխ է եղել COVID-19-ի դեմ «ԿովիՎակ» պատվաստանյութի եռակի ներարկման ուղղությամբ կլինիկական հետազոտությունների անցկացմանը տարբեր տարիքային խմբերի համար: