«Նայում ենք, թե գործը որ դատավորին է մակագրվել, արդեն պարզ է դառնում, որ տվյալ անձը կալանավորվելու է»․ Արթուր Սարգսյան

Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը։

Դատարանի որոշումը հրապարակելուց հետո, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանն ասաց, որ իր համար դատավոր Մխիթարյանի որոշումը սպասելի էր։

«Գիտեի, որ դատավոր Մխիթարյանը մերժելու էր, որովհետև երկու օր առաջ նույն դատավորը մերժեց և կալանավորեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։ Այսօր նայում ենք, թե գործը որ դատավորին է մակագրվել, արդեն հասարակության համար պարզ է դառնում, որ տվյալ անձը կալանավորվելու է։

Երբ գործը մակագրվեց այս դատավորին, մենք համոզված էինք, որ Առուշանյանը կմնա կալանքի տակ, իսկ Մանվել Փարամազյանը կկալանավորվի։ Եվս մեկ անգամ ասում եմ, այն հետապնդումները, որոնք իրականացվում են իմ ու իմ ընկերների նկատմամբ, քաղաքական հետապնդումներ են։

Ես ուզում եմ մեր սյունեցիներին ասեմ, որ մեր քաղաքական պայքարը շարունակվում է և՛ Սյունիքի անվտանգության, և՛ իմ ընկերների ազատության համար»,- նշեց Արթուր Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եթե քրեական գործերն ուսումնասիրեն, ապա կտեսնեն, որ այդ գործերում ոչինչ չկա։

Ինչ վերաբերում է  դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը, պատգամավորն ասաց, որ դատավորին չի ճանաչել, ընդամենը 3-4 անգամ մասնակցել է Մանվել Փարամազյանի գործով դատական նիստերին և 4-5 անգամ, երբ գործը նա էր քննում, մերժել է Փարամազյանի խափանման միջոց կալանավորման փոփոխությունը։

Նա նաև ընդգծեց, որ իրեն կալանավորելիս որևէ ծանուցում չի ստացել, ներկա չի եղել դատական նիստին, հետևաբար՝ հարց է առաջանում՝ այդ որոշումն ընդունած դատավոր Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ։

«Մեր իշխանությունն ասում է, որ արդարություն կա, եթե կա արդարություն, ինչո՞ւ Արմեն Դանիելյանը կալանավորված չէ։ Իմ փաստաբաններն այս հարցով դատարան են դիմել, որպեսզի Արմեն Դանիելյանը պատասխանատվության ենթարկվի, սակայն որևէ պատասխան դեռևս չկա»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս