Բաժիններ՝

Ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերվել

Փետրվարի 2-ին Տաշիրի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի պահվող հրացաններ առգրավվեցին։ Ժամը 17-ին բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Երևանյան-Լճափնյա փողոցների խաչմերուկում, շրջայցի ժամանակ, նկատել էին «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենա, որի սրահում հրացաններ կային: Վարորդը Տաշիր քաղաքի բնակիչ էր, երկու ուղևորները՝ Նորաշեն գյուղի:

Ստուգման արդյունքում պարզվեց, որ «BM-16», «ԻԺ» և «Վալտեր» տիպի հրացաններից միայն վարորդին պատկանող «Վալտերն» էր օրինական, իսկ երկու ուղևորների հրացաններն ապօրինի էին։ Ըստ նրանց՝ դրանք պատկանել են հանգուցյալ պապերին:

Բացի այդ, ոստիկանները մեքենայի բեռնախցիկում հայտնաբերեցին աղվեսի մորթի: Ըստ 31-ամյա վարորդի՝ նույն օրը Նորաշեն գյուղի սարում իր անվամբ հաշվառված «Վալտեր»-ով ինքն էր որսացել աղվեսն ու առանձնացրել մորթին: Հայտնաբերվեց նաև որսորդական դանակ։

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հրացաններն առգրավվել են:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս