Բաժիններ՝

Զելենսկին հույս ունի, որ Բեռլինի բանակցությունները կարագացնեն «Նորմանդական քառյակի» հանդիպումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ «Նորմանդական քառյակի» ղեկավարների քաղաքական խորհրդականների՝ փետրվարի 10-ին Բեռլինում նախատեսված հանդիպումը կարագացնի Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունների անցկացումը նորմանդական ձևաչափով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներում, 2019 թ. Փարիզյան գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, մենք կկարողանանք «Նորմանդական քառյակի» հաջորդ հանդիպումը կազմակերպել: Այդ ճանապարհին կարևոր քայլ է քաղաքական խորհրդականների մակարդակով երկխոսության ակտիվացումը: Մեկ շատ հաջող հանդիպում արդեն տեղի է ունեցել, և մենք հույս ունենք, որ մոտ օրերին տեղի կունենա երկրորդը», – ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ իր հերթին հայտնել է, որ քաղաքական խորհրդականների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 10-ին Բեռլինում:

«Նորմանդական քառյակը» Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորման նպատակով ստեղծված բանակցային ձևաչափ է, որին մասնակցում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները: «Նորմանդական քառյակի» քաղաքական խորհրդականների վերջին բանակցությունների տեղի են ունեցել հունվարի 26-ին Փարիզում: Վերջին ամիսներին պաշտոնական Կիևը ակտիվորեն առաջ է մղում «Նորմանդական քառյակի» նոր գագաթնաժողովի շուտափույթ կազմակերպման գաղափարը, մինչդեռ Մոսկվան մեղադրում է Ուկրաինային Փարիզում 2019 թ. դեկտեմբերին տեղի ունեցած նախորդ գագաթնաժողովի ընդունած հիմնական կետերի չկատարման համար: Ռուսաստանը հայտարարում է, որ Դոնբասի հարցով նոր պայմանավորվածությունների հասնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է կյանքի կոչել նախկին պայմանավորվածությունները:

2022 թ. հունվարի 7-ին Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահները «Նորմանդական քառյակի» առաջնորդների նոր հանդիպում են նախաձեռնել, որը ցանկանում են կազմակերպել մոտ շաբաթների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս