«Իրենք ուղղակի պիտի ջնջեն հայկական հետքերը՝ դրա տակ նախևառաջ նկատի ունենալով հայերեն հազարավոր արձանագրություններ». Համլետ Պետրոսյան

Արցախում Տիգրանակերտի պեղումների հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը դժվարանում է ասել, թե քաղաքական, դիվանագիտական մակարդակներում ինչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի մշակութային այն ցեղասպան քաղաքականությունը, որն իրականացնում է իր կողմից օկուպացրած Արցախի տարածքներում։

«Ես չեմ կարող ասել, բայց որպես մասնագետ՝ կարող եմ միայն այդ հարցերի վերաբերյալ խորհուրդ տալ։ Ես ի՞նչ կարող եմ անել, անհատապես նամակնե՞ր գրել։ Միանշանակ մեկ բան կարող եմ ասել, որ առնվազն մեր թվարկությունից առաջ՝ 4-րդ դարից սկսած, Կուրը միանշանակ սահման էր Հայաստանի և Կովկասյան աղվանների միջև։ Հետևաբար՝ աղվանական հետք փնտրելը գիտականորեն ուղղակի անմտություն է։

Կա մեկ ուրիշ հանգամանք, որ 5-րդ դարում Արշակունիների անկումից հետո Արցախը և Ուտիքը՝ Սասանյանները, նոր մարտավարություն են կազմել ընդդեմ կովկասյան լեռնականների և Արցախն ու Ուտիքը մտցրել են Աղվանից մարզպանության և թագավորության կազմի մեջ։ Հետո, երբ քրիստոնեությունը տարածվել է, այդ ժամանակ, երբ մարզերը գտնվում էին Աղվանքի մեջ, ընդգրկվել են Աղվանիս եկեղեցու կազմի մեջ։ Այս Աղվանիս եկեղեցու ուսումնական, ստեղծագործ մասը Արցախի Ուտիքի հայությունն էր,հայ եկեղեցու ծիսակարգը և այլն։ Խոսել աղվանական եկեղեցու կամ հատուկ աղվանական ճարտարապետության մասին՝ անմտություն է, սա հետազոտողները գիտեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Համլետ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կառավարության՝ Արցախի օկուպացրած տարածքներում հայկական հետքը վերացնելու մասին նոր որոշմանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի մասնագետների գործելաոճին քաջածանոթ է, ուստի միանշանակ կարող է ասել, որ այնտեղ չկա որևէ հետազոտող, ով կկարողանա փաստերին տիրապետել  ու խեղաթյուրել այն։ Այսինքն՝ նրանք չգիտեն, թե ինչ է նշանակում Արցախում աղվանական ճարտարապետություն։

«Ամենայն հավանականությամբ, իրենք ուղղակի պիտի ջնջեն հայկական հետքերը՝ դրա տակ նախևառաջ նկատի ունենալով հայերեն հազարավոր արձանագրություններ, որոնք սկսվում են 5-րդ դարից։ Երբ աղվանների գիրք ու գրականությունը Մաշտոցը ստեղծեց, այն ունեցել է սահմանափակ կիրառություն, չի տարածվել Արցախում։ Եվ այսօր ամբողջ այդ տարածքում գոնե մեկ տառ չկա աղվաներեն, ինչ է նշանակում՝ աղվանական, գիտականորեն սա աբսուրդ է։ Ինչ փորձագետ էլ Ադրբեջանն ընդգրկի իր գործողություններում, նա չի կարող որևէ փաստարկ բերել»,- հավելեց Համլետ Պետրոսյանը։

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուրը պետք է իր գործը կատարի, իրենք ակադեմիական հարթակում իրենց աշխատանքը կատարում են, իսկ քաղաքականությունը պետք է տարվի պետական մակարդակով։

«Մենք գրում ենք գիտական հոդվածներ, մոտեցումներ և դրանով փորձում ենք միջազգային գրական հանրույթին հասկացնել, և մեզ դա հաջողվում է։ Ադրբեջանցիներն ինչ էլ որ անում են, դրսի հետազոտողները չեն վերահսկում, օրինակ, Արցախի Տիգրանակերտը տեսնել՝ որպես Արցախի Տիգրանակերտ։ Այնպես  որ, շատ աշխատանք կա անելու, բայց օրինակ՝ վերցնել ու մեկին նամակ գրելն անիմաստ է։

Տիգրանակերտն ամենավաղ ու ամենահզոր հայկականության փաստարկն է, մինչ Տիգրանակերտը մենք ունենք առանձին փաստեր, բայց սա ամբողջ մի համակարգ է, և ես կարող եմ ասել, որ բոլոր նյութերը ներկայացված են, հրատարակված»,- եզրափակեց Համլետ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ EurasiaNet-ում հոդված է հրապարակվել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հետքի վերացման վերաբերյալ։

Ըստ հոդվածի, Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրությունները կրոնական վայրերից՝ այն տարածքում, որոնք գրավել է 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմի ժամանակ։

Հոդվածագրի խոսքով՝ Ադրբեջանն իր այդ քայլը հիմնավորել է` պնդելով, որ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգությունը, հին թագավորություն, որը ժամանակին գտնվում էր ներկայիս Ադրբեջանի տարածքում: Տեսությունը, որը չեն պաշտպանում պատմաբանները, երկար ժամանակ քարոզվել է ադրբեջանցի ազգայնական պատմաբանների կողմից և ընդունվել Բաքվի ներկայիս կառավարության կողմից:

Հոդվածագիրը մեջբերում է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովի՝ փետրվարի 3-ի ճեպազրույցը, որում նա նշել է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս