Ադրբեջանը հայտարարում է եկեղեցիներից հայկական հետքերը ջնջելու ծրագրերի մասին․ EurasiaNet

Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրությունները կրոնական վայրերից՝ այն տարածքում, որոնք գրավել է 2020 թվականին Հայաստանի հետ պատերազմի ժամանակ։ Այս մասին EurasiaNet-ում գրում է վերլուծաբան Հեյդար Իսաևը`Անի Մեժլումյանի հետ լրացուցիչ աշխատելով։

Ադրբեջանն, ըստ հոդվածագրի, հիմնավորել է իր այդ քայլը` պնդելով, որ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգությունը, հին թագավորություն, որը ժամանակին գտնվում էր ներկայիս Ադրբեջանի տարածքում: Տեսությունը, որը չեն պաշտպանում պատմաբանները, երկար ժամանակ քարոզվել է ադրբեջանցի ազգայնական պատմաբանների կողմից և ընդունվել Բաքվի ներկայիս կառավարության կողմից:

Հոդվածագիրը մեջբերում է Ադրբեջանի Մշակույթի նախարար Անար Քարիմովի՝ փետրվարի 3-ի ճեպազրույցը, որում նա նշել է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու համար»։

«Մենք աշխատանքային խմբի անդամների հետ պատրաստվում ենք ստուգել այդ վայրերը, և ստուգումից հետո մենք կդիտարկենք մեր հետագա քայլերը»,- ըստ հոդվածագրի՝ ասել է Քարիմովը։ Թեև նա չի նշել, թե ովքեր են լինելու աշխատանքային խմբում, նախարարը հայտարարել է, որ խումբը բաղկացած է լինելու «ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներից»։

Հեյդար Իսաևը նշում է, որ ալբանական տեսությունն առաջին անգամ մշակվել է 1950-ականներին ադրբեջանցի պատմաբան Զիյա Բունիյաթովի կողմից, ով պնդում էր, որ ադրբեջանական տարածքում գտնվող եկեղեցիներում հայերեն արձանագրությունները հետագայում լրացումներ են եղել ալբանական եկեղեցիներին և ըստ այդ տեսության՝ նրանք «հայացվել» են միայն տարածաշրջան հայկական լայնածավալ էմիգրացիայից հետո այն բանից հետո, երբ 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը վերահսկողություն է հաստատել այդ տարածքի նկատմամբ։ Հոդվածի համաձայն, տեսությունը մեծ թափ է հավաքել 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն ստացավ այդ տարածքի նկատմամբ, որտեղ մի քանի նշանակալի միջնադարյան հայկական եկեղեցիներ կան:

Հեյդար Իսաևը հիշեցնում է, որ 2020 թվականի պատերազմին հաջորդած զինադադարի ստորագրման հաջորդ օրը Քարիմովը թվիթերում գրառում է արել Քելբաջարի շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքի մասին՝ անվանելով այն իբրև թե ադրբեջանական Խուդավանգ անունով և այն բնութագրելով որպես «հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից մեկը»։ Նշվում է նաև, որ 2021 թվականի մայիսին Շուշի քաղաքի 19-րդ դարի եկեղեցին, որը վնասվել էր պատերազմի ժամանակ, սկսեց վերակառուցվել, ինչը, ըստ Բաքվի, իր «բնօրինակ» ձևն էր։Միևնույն ժամանակ, ըստ տվյալ հոդվածի, Ադրբեջանը նաև խոստանում է վերականգնել ադրբեջանական հուշարձանները այն տարածքում, որոնք իբրև թե անտեսվել են կամ վանդալիզմի ենթարկվել հայկական վերահսկողության ներքո։ «Մի դեպքում էլ Ալիևը խոստացավ վերականգնել 19-րդ դարի մզկիթը, որը հայերը ներկայացրել էին որպես պարսկական, այլ ոչ թե ադրբեջանական։ Բայց աշխատանքային խմբի մասին հայտարարությունը առաջին կոնկրետ քայլն է, որով կառավարությունը բացահայտորեն խոստանում է ջնջել հայկական հետքերը իրենց վերահսկողության տակ գտնվող եկեղեցիների վրա։ «Սովորաբար, նույնիսկ երբ նրանք վերականգնում կամ վերանորոգում են պատմական վայրերը, մենք միայն հետո ենք իմանում, թե ինչ են նրանք արել», – Eurasianet-ին ասել է սոցցանցերի մեկնաբան Ջավիդ Աղան, ով լայնորեն ուսումնասիրել է Ալբանիայի ժառանգությունը Ադրբեջանում:

Աղան համեմատություն է անցկացրել Ադրբեջանի Նախիջևանի Ջուղայի հետ, որտեղ 2005 թվականին ոչնչացվել են հազարավոր հայկական «խաչքարեր»:

Հայկական մշակութային վայրերին ուղղված շարունակական սպառնալիքները հարուցել են միջազգային անհանգստությունը:

Պատերազմից անմիջապես հետո Ալիևը խոստացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ կպաշտպանի քրիստոնեական վայրերը նոր գրավված տարածքներում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով Հայաստանին և Ադրբեջանին, որ «ցանկացած ժողովրդի պատկանող մշակութային արժեքներին վնասելը նշանակում է վնաս ողջ մարդկության մշակութային ժառանգությանը»։ Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ջանքերը՝ առաքելություն ուղարկելու Ղարաբաղ՝ ուսումնասիրելու մշակութային ժառանգության վայրերը, սակայն երկար ժամանակ կանգ են առել:

Դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և այլ պաշտամունքային վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով և արտեֆակտներով»։

«Եթե դա ճիշտ է, ապա նրանք բացահայտորեն խախտում են [ICJ] հրամանը», – Eurasianet-ին ասել է Հայաստանի իրավախորհրդատու Շեյլա Փայլանը: «Այս գործի ապագայի համար դա, անշուշտ, չի օգնում Ադրբեջանի դիրքորոշմանը, որ նրանք լիովին հարգում են պղծումը կանխելու պարտավորությունը։ Սա հայկական մշակութային ժառանգությունը կեղծելու և ոչնչացնելու ակտիվ միջոցառում է»։

Հայաստանի պաշտոնյաներն անմիջապես չարձագանքեցին ադրբեջանական հայտարարությանը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Eurasianet-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այժմ որևէ մեկնաբանություն չունեն այս հարցի վերաբերյալ, սակայն բազմիցս ընդգծել են հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը»,-գրում է հոդվածագիրը։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս