Կառավարությունը մտել է նախկին դերի մեջ, բայց մեկ բան մոռացել է
Արդեն հայտնի են անցած տարվա տնտեսական ակտիվության նախնական արդյունքները, ու դրանք վկայում են, որ մեր տնտեսության զարգացումները, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց։ Այդպես էլ չկարողացանք հաղթահարել ճգնաժամի առաջին տարվա ծանր հետևանքները։ Բայց դա չի խանգարում, որպեսզի կառավարությունում կրկին անցնեն իրենց սիրած զբաղմունքին։ Սկսել են փառաբանել չեղած ձեռքբերումները։
Դրա մեկնարկը կառավարության անցած նիստում տվեց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին հիշեցնելով աշխատատեղերի «բացարձակ ռեկորդների» մասին։
«Երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը,- Բացարձակ ռեկորդ է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում»։
Այսպիսի «բացարձակ ռեկորդների» մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ չէ, որ խոսում է։ Եվ ոչ միայն աշխատատեղերի վերաբերյալ։
Հիշեցնելու կարիք հավանաբար չկա, թե ժամանակին ինչեր էին ասվում տնտեսության ու մյուս ոլորտներում տեղի ունեցող ռեկորդային աճերի ու զարգացումների մասին։ Դրանց արդյունքները երևացին ճգնաժամի ժամանակ, երբ մեր տնտեսությունն ուղղակի փլվեց։
Ունեցանք իսկապես աննախադեպ անկում, ինչը, Համաշխարհային բանկի գնահատումներով, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների մեջ վատագույն ցուցանիշներից մեկն էր։ Այն չորրորդն էր Մոնտենեգրոյից, Ղրղըզստանից և Խորվաթիայից հետո։ Առաջինում արձանագրվել էր՝ 15,2 տոկոս, երկրորդում՝ 8,6 տոկոս, և երրորդում՝ 8 տոկոս անկում։
Հայաստանում տնտեսական անկումը 7,4 տոկոս էր։
Այդպիսի անկումից հետո անցած տարի մեր տնտեսության մեջ ակտիվության որոշակի աճ է դիտարկվել։ Սակայն դա այն չէ, ինչը կարող է թույլ տալ կառավարությանը խոսել լուրջ ձեռքբերումներից։ Տնտեսությունը դեռ հեռու է նույնիսկ վերականգնվելուց։ Իրական զարգացումների մասին խոսելն ավելորդ է։
Այդքանից հետո, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե մեր տնտեսության վերականգնման ու աճի տեմպն անհամեմատ ավելի բարձր է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, էկոնոմիկայի նախարարը պեղել, հանել էր ցուցանիշներ՝ գործընկեր երկրների անցած տարվա տնտեսական զարգացումների վերաբերյալ։
«Մեր ցանկությունները շատ ավելի շատ են, քան այն ցուցանիշները, որոնք արձանագրվել են։ Բայց նախնական տվյալներ եմ հանել նաև մեր նույն ակումբում գտնվող երկրների տարեկան ցուցանիշների վերաբերյալ։
Ռուսաստանում տնտեսական աճը եղել է 4,4-4,5 տոկոսի սահմաններում, իսկ գնաճը՝ 8,4, Բելառուսում տնտեսական ակտիվությունը 2,3 տոկոս է եղել, գնաճը՝ 10 տոկոս, Ղազախստանում տնտեսական ակտիվությունը 3,3 տոկոս է եղել, գնաճը՝ 8,4 տոկոս։ Մեր երկրում 5,8 տոկոս տնտեսական աճ է եղել և 7,7 տոկոս գնաճ։
Այսինքն՝ մենք մեր միության երկրների մեջ ունենք ամենաբարձր տնտեսական աճն և ամենացածր գնաճը։
Եվ սա ևս կարևոր է ընդգծել, որպեսզի ցույց տանք, որ այնուամենայնիվ մեր քաղաքականությամբ կարողացել ենք 2 առումով էլ դրականորեն առանձնանալ մեր ակումբակից երկրների շարքում»,- արձագանքելով տնտեսության վերաբերյալ կառավարության ղեկավարի հնչեցրած գովասանքներին՝ հայտարարեց այլևս հասարակությանը ոչնչով չզարմացնող էկոնոմիկայի նախարարը։
Միայն թե մոռացավ մեկ շատ կարևոր նրբություն. ակումբակից երկրների տնտեսական աճի ցուցանիշները ներկայացնելով՝ նա մոռացավ նաև ասել, թե ինչի համեմատ են եղել այդ աճերը։ Համեմատություններն ամենևին էլ մեր օգտին չեն, որովհետև այդ աճերը եղել են նախորդ տարվա շատ ավելի բարձր բազայի վրա, քան Հայաստանի դեպքում։
Ճգնաժամային 2020թ., ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Բելառուսն ու Ղազախստանն արձանագրել են շատ ավելի ցածր տնտեսական անկում, քան Հայաստանը։ Անցած տարվա աճերն էլ դրանց համեմատ են։
Անցած տարի Հայաստանը 5,8 տոկոս ակտիվության աճ է ունեցել, բայց շարունակել է գտնվել ավելի ցածր մակարդակում, քան մինչև ճգնաժամը։ Այնինչ՝ 2021թ. արձանագրելով ընդամենը 2,3 տոկոս տնտեսական աճ, Բելառուսը ոչ միայն հետ է բերել նախորդ տարվա կորուստները, այլև իրական զարգացում է ապահովել։
Նույնը՝ նաև Ղազախստանը։ Ղազախստանում անկումը 2020թ., համաձայն Համաշխարհային բանկի տվյալների, կազմել էր ընդամենը 2,5 տոկոս։ Անցած տարվա աճը, ըստ էկոնոմիկայի նախարարի, 3,3 տոկոս է։ Ավելի բարձր, քան 2020թ. անկումը։
Երկու տարվա կտրվածքով նաև Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշն է դրական։
Այդպես չէ միայն Հայաստանի պարագայում. անցած տարի Հայաստանը ԵԱՏՄ նշված երկրների շարքում ամենաբարձր տնտեսական ակտիվության աճն է արձանագրել, բայց շարունակել է հետ մնալ մինչճգնաժամային մակարդակից։ Մեր տնտեսությունը, անգամ ավելի բարձր աճի պարագայում, դեռևս դուրս չի եկել զարգացման փուլ։ Այնինչ շատ երկրներ վաղուց արդեն հաղթահարել են ճգնաժամի հետևանքները, նաև իրական զարգացում արձանագրել։ Ոչ մի նշանակություն չունի, որ անցած տարի մենք ավելի բարձր տնտեսական ակտիվության աճ ենք ունեցել, քան նշված մյուս երկրները։ Դա ընդամենը նախորդ տարվա շատ ավելի ցածր բազայի արդյունք է, և դրանով հպարտանալու ոչ մի առիթ չկա։
Այսպիսի մակերեսային մեկնաբանություններով էլ, ինչպես միշտ, փորձում են մոլորեցնել հասարակությանը։
ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու փոխարեն, բարի լինեիք ներկայացնել մեր անմիջական հարևանի՝ Վրաստանի տվյալները։
Ճգնաժամային 2020թ. Վրաստանում տնտեսական անկումը կազմել էր 6,8 տոկոս։ Ավելի քիչ, քան Հայաստանինը։ Ու այդ բազայի վրա անցած տարի Վրաստանում երկնիշ աճ է գրանցվել՝ 10,6 տոկոս։
Եվ սա՝ այն պարագայում, որ Վրաստանի տնտեսության աճի մեջ մեծ բաղադրիչ ունի զբոսաշրջությունը, ինչը համաճարակի հետևանքով ամենատուժած ոլորտներից մեկն է եղել։
6,8 տոկոս անկումից հետո Վրաստանում գրանցվել է 10,6 տոկոս աճ, իսկ Հայաստանում 7,4 տոկոս անկումից հետո՝ ընդամենը 5,8 տոկոս ակտիվության աճ։
Աճի տեմպը մեր երկրում գրեթե կրկնակի ցածր է եղել, քան Վրաստանում։
Սրա մասին է պետք մտածել, և ոչ թե՝ տնտեսության իրական պատկերը թաքցնելով՝ փորձել զարգացումների վերաբերյալ արհեստական տպավորություններ ստեղծել։ Դրանից, միևնույն է, հասարակությունը ոչինչ չի շահում։ Մարդիկ իրենց մաշկի վրա են զգում, թե ինչ են ստացել մինչև հիմա հայտարարված աննախադեպ աճերից ու Նիկոլ Փաշինյանի ասած բացարձակ ռեկորդներից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ