Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն. ՀՀ-ում և Ադրբեջանում միևնույն օրը ՀՀ-ն ներկայացրին՝ որպես ռասիստ պետություն
Փետրվարի 2-ին լուր հրապարակվեց Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից պակիստանցի երեխայի խոշտանգման մասին, որի առնչությամբ երեխայի մայրը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել:
168.am-ին հաջողվել էր պարզել, որ երեխայի մոր կողմից ոստիկանություն բողոքը և այս ամբողջ պատմությունը մեկ նպատակ ունի՝ քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:
Նույն օրը՝ փետրվարի 2-ին, irakanum.am-ը լուր հրապարակեց, թե Կապանի զորամասերից մեկում ծառայող, ազգությամբ եզդի ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել են, որ զորամասի հրամանատական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել նրան, որից հետո զինվորը դիմել է փախուստի: Մասնավորապես նշվել է, թե Ֆերոյանին ստիպել են ամբողջ զորքի աչքի առաջ զուգարան մաքրել, և ոչ միայն այնտեղ: Ավելի ուշ այս տեղեկությունը տարածվեց նաև այլ լրատվամիջոցներով, ավելին, Ֆերոյանի պապը սկսեց հայտարարել, որ զորամասում նույն վերաբերմունքը դրսևորվել է ազգությամբ եզդի մեկ այլ զինծառայողի նկատմամբ՝ զորամասի սպաները «բռնություն են գործադրել»: Միայն հաջորդ օրվանից սկսած՝ փետրվարի 3-ից, մամուլում հայտնվեցին նաև զորամասի հրամանատարության տեսակետները, որ եզդի զինծառայողները՝ պատճառաբանելով ազգային ինչ-ինչ օրենքներ, հրաժարվել են իրենց անկողնու և զորամասի տարածքը մաքրել, ինչը պիտի հերթականությամբ անեին նաև մյուս՝ ոչ եզդի զինծառայողները:
Բայց ինչպես ասում են՝ հիշվում է առաջինը, որից Ադրբեջանն օպերատիվ օգտվեց, և ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ոգևորությամբ տարածել, թե «եզդի-քրդերին Հայաստանի բանակում նեղում են»:
Իսկ հայկական լրատվամիջոցներն իրենց հարց չտվեցին՝ արդեն 10 տարուց ավելի բանակում զինվորը զուգարան չի մաքրում, դա անում են տեխնիկական աշխատողները, հետևաբար՝ ինչպե՞ս են զինվորին ստիպել զուգարան մաքրել: Երկրորդ՝ եթե հայ զինվորը հրաժարվողը լիներ, մի՞թե նրան չէին բացատրվելու իր պարտականությունները:
Գուցե զորամասի սպայակազմը եզդի զինվորների համառությունից հետո փոքր-ինչ կոպիտ է եղել, բայց եթե չկա հստակ փաստ ռասիստական դրսևորումների մասին, ապա նման դեպքերը պետք է դիտարկել զուտ զինվոր-սպա հարաբերությունների կամ բանակային կանոնադրության շրջանակում:
Վերադառնալով Ադրբեջանին, նշենք, որ զարմանալի զուգադիպությամբ՝ վերը նշված տեղեկությունների հայկական մամուլում հայտնվելու հաջորդ օրը՝ փետրվարի 3-ին, Ալիևը երիտասարդական ֆորումի ժամանակ փորձել է ապացուցել, թե Հայաստանն իր տարածքում չի հանդուրժում այլ ազգերի: Ընդ որում, սա ասվել է Ադրբեջանում լեռնային հրեաների համայնքի ներկայացուցիչ ներկայացած ոմն Ռոլան Յուսուպովի հարցին ի պատասխան, որը պնդել է, թե Հայաստանում, ինչպեսև այլ երկրներում, հրեաների նկատմամբ հակասեմիթական, ռասիստական դրսևորումներ կան: Եվ, ըստ նրանց, քանի որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, հակասեմիթականության ամենաբարձր մակարդակը նկատվում է հենց այստեղ:
Ալիևը նախ այս հարց-ելույթին արձագանքել է՝ պատմելով, թե ինչպես են «1940-50-ականներին Հայաստանում ադրբեջանցիները ենթարկվել դեպորտացիայի, և, որ վերջին էթնիկ «մաքրումը» տեղի է ունեցել 1980-ականներին»՝ բնականաբար, մոռանալով և Բաքվի հայերի զանգվածային ջարդերը և ունեզրկումները, փախուստը, և այն, որ այսօր էլ հայ գերիներին խոշտանգում են հայ և քրիստոնյա լինելու համար:
«Հայաստանից վռնդել են բոլոր ազգերին, առաջին հերթին՝ ադրբեջանցիներին: Եվ այսօր սա մոնոէթնիկ պետություն է, որտեղ չի ապրում ոչ մի այլ ազգություն»,- հայտարարել է Ալիևը:
Հայաստանին ռասիստականության մեջ մեղադրում է մի երկրի ղեկավար, որտեղ ոչ միայն Բաքվի հայերի ջարդեր են եղել, հայ գերիներին են խոշտանգում, այլև միշտ առաջնագիծ են ուղարկվել Ադրբեջանում ապրող էթնիկ ազգերի կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ թալիշներ, ավարներ, լեզգիներ:
Գոնե 2016-ին և դրամից առաջ ազգային փոքրամասնություններին առաջնագիծ ուղարկելով՝ Ադրբեջանի իշխանությունները երկու խնդիր էին լուծում, այն է՝ երկրի պաշտպանություն, երկրորդ՝ վերացնում էին ազգային փոքրամասնություններին, որոնք այնքան էլ հիացած չէին Ալիևների կլանից:
Եվ արի ու տես, որ այս ամենը մի կողմ թողած՝ մենք ակամայից և հեշտությամբ ջուր լցրեցինք թշնամու ջրաղացին:
Առանձին դեպքեր գուցե լինեն, եղել են, բայց Հայաստանում այսօր ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում չեն մոռանում արցախյան պատերազմին մասնակցած, զոհված եզդի հերոսներին, որոնցից Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի գլուխը հենց Ադրբեջանն է կտրել: Բոլորն են հիշում այդ սահմռկեցուցիչ կադրերը:
Մյուս կողմից, եզդի զինվորի մասին լուրով ոգևորված՝ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ցույց տալ, որ Հայաստանում անշնորհակալ են և չեն գնահատում իրենց երկիրը պաշտպանող այլ ազգերին:
Ինչ վերաբերում է պակիստանցի երեխային, այստեղ էլ փորձ է արվում ցույց տալ հայերի կրոնական անհանդուրժողականությունը:
2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի սանձազերծման օրվանից պաշտոնական Իսլամաբադն իր միանշանակ աջակցությունն է հայտնել պաշտոնական Բաքվին։
Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Պակիստանի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում միանգամից չորս հրապարակում էր եղել՝ ի աջակցություն Ադրբեջանի, իսկ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր. «Պակիստանն աջակցում է եղբայրական Ադրբեջանի ժողովրդին և ճանաչում նրա ինքնապաշտպանության իրավունքը»։
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ, երբ այս օրերին Հայաստանը ներկայացվում էր ռասիստ երկիր, Թուրքիան, նաև ՀՀ գործող իշխանությունների թեթև ձեռքով, ներկայացվեց հայերին բարեհամբույր հյուրընկալող երկիր: