Բաժիններ՝

Մանկապարտեզային սկանդալ՝ հանուն Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալո՞ւ

Երեկ 168.amանդրադարձել էր aravot.am-ի հրապարակած այն լուրին, թե հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. մարտից մինչև 2021թ. հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն, հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.-ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել նրան:

Երեխայի մայրը ոստիկանություն ներկայացրած իր հաղորդման մեջ նշել էր նաև, որ երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Թեման, անշուշտ, զգայուն է, և պատահական չէ, որ թե մամուլի հրապարակումներում, և թե սոցցանցային գրառումներում ու մեկնաբանություններում կարմիր թելի պես անցնում էր այս գործով թափանցիկ, հրապարակային քննության վերաբերյալ թեզը:

Ավելի ուշ ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը:

Թեպետ ոստիկանությունից այլ մանրամասներ չներկայացրեցին, ենթադրաբար քրգործը վերաբերում է հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով նախատեսված արարքների հատկանիշներին:

Եթե արարքը կատարվել է անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ կամ պայմանավորված է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, նախատեսված է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Քննչական կոմիտեից էլ մեզ տեղեկացրեցին, որ այս գործով որևէ անձ կարգավիճակ չունի, որևէ մեկի մեղադրանք առաջադրված չէ:

Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը և չբացառելով որևէ տարբերակ, ինչպես նաև հարգելով երեխայի իրավունքները՝ պետք է նշել, որ այս պատմության մեջ ի սկզբանե ամեն բան այնպես չէր թվում, ինչպես ներկայացված էր:

Երեկվա մեր հրապարակումից հետո 168.am-ի խմբագրության հետ կապ հաստատած քաղաքացիները բոլորովին այլ իրականություն էին ներկայացնում:

«Նորք-Մարաշը առանձնապես մեծ թաղամաս չէ, այստեղ բոլորը բոլորին շատ լավ գիտեն, լուրերն էլ արագ են տարածվում»,- ասացին մեզ:

Ըստ հայտնած տեղեկությունների՝ այս ողջ «հոգեցունց» պատմությունն ընդհանուր առմամբ մեկ նպատակ ունի՝ քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:

«Երեխայի մորաքույրն ապրում է Գերմանիայում, և մայրը որոշել է որևէ կերպ քաղաքական ապաստան ստանալ այդ երկրում ու քրոջը մոտ լինել: Ցավալի է, որ այդ ճանապարհին անգամ երեխան չխնայվեց, սակայն դա է իրականությունը»,- ասաց մեր աղբյուրը:

Հարցին՝ արդյո՞ք ճանաչում են կնոջը, վստա՞հ են, որ հենց այդպես է, և իրականում երեխայի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, պատասխանեցին՝ նրան բոլորն են ճանաչում, հավատացեք, բոլորը:

Նշեցին նաև, որ կինը նախկինում աշխատել է այդ մանկապարտեզում, որտեղից սկանդալով է դուրս եկել:

«Լոնդոնում է ապրել նախկինում, հիմա էլ երևի Գերմանիայում է ուզում ապրել, բայց երեխային նման կերպ օգտագործե՞լ… Պակիստանցի ամուսնուն էլ թույլ չի տալիս երեխաների հետ շփվել, ինքն էլ երևի լավ չի գիտակցում՝ ինչ է անում…»,- ասացին 168.am-ի զրուցակիցները:

Վերջիններս նաև բացառեցին, որ այդ մանկապարտեզում հնարավոր էր որևէ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել:

«Պարկեշտ, ավանդական հայ ընտանիքների կանայք են՝ հոգսի տակ կքած: Առանց այդ էլ չնչին աշխատավարձով տաժանակիր աշխատանք են կատարում, հիմա էլ նման վերաբերմո՞ւնք…»,- ասացին մեր զրուցակիցները՝ հավելելով, որ մանկապարտեզի նիստուկացը ներսից գիտեն, երեխաներ ունեն այնտեղ:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ նաև մանկապարտեզն է պատրաստվում դատարան դիմել՝ զրպարտության ու իրենց բարի համբավը վնասելու առնչությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս