
Արթուր Գրիգորյանի վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան. Արցախի ԱԺ նախագահ

ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական հեռագիր է հղել հայ անվանի կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Արթուր Թովմասյանն ընդգծել է, որ Արթուր Գրիգորյանի վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան:
«Ցավով տեղեկացանք հայ անվանի կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ, տաղանդավոր երաժիշտ Արթուր Գրիգորյանի վաղաժամ մահվան բոթին: Նրա վախճանով հայ մշակույթն ու երգարվեստը մեծ կորուստ ունեցան: Անուրանալի ու անգնահատելի է նրա վաստակն ու ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Արմատներով արցախցի կոմպոզիտորը միշտ Արցախի կողքին էր, ապրում ու շնչում էր Արցախով՝ հաղորդակից լինելով նրա ցավին ու վշտին: Նրա հեղինակած երգերի շարքում Արցախին նվիրված երգերը կատարյալ գլուխգործոցներ են:
Արցախի խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում և զորակցություն ենք հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, երկրպագուներին և կիսում կորստյան ծանր վիշտը: Նրա անունը ոսկե տառերով կգրվի հայ մշակույթի և երգարվեստի պատմության էջերում»,- ՝ ասված է ցավակցական հեռագրում: