
Շիրակի մարզում առողջության առաջնային պահպանման օղակներն աշխատում են ծանրաբեռնված

Շիրակի մարզում վերջին օրերին նկատվում է ինչպես «Օմիկրոն»-ով վարակվելու, այնպես էլ՝ սեզոնին բնորոշ շնչառական հիվանդությունների դեպքերի աճ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեև այս պահին մարզում Քովիդ բաժանմունքները դեռ չեն գործում, սակայն բավականին ծանրաբեռնված են աշխատում առողջության առաջնային պահպանման օղակները: Վիրուսների թիրախում հիմնականում քրոնիկ հիվանդներն ու երեխաներն են։
«Այս պահին հստակ թվերի մասին խոսել հնարավոր չէ, քանի որ գրիպին և սուր շնչառական վիրուսներին բնորոշ ախտանիշներով հիվանդների մեծ մասը բուժումը ստանում է տնային պայմաններում՝ հաճախ նաև չդիմելով բժշկի: Իրավիճակը վերահսկելի է, բայց լարված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:
Արմենուհի Մխոյան