
Նոր Զելանդիայում կորոնավիրուսի օրական դեպքերի ռեկորդ է գրանցվել

Նոր Զելանդիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 243 դեպք, ինչը ռեկորդային է այդ երկրի համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
5 մլն բնակչություն ունեցող երկիրը 2020 թվականի առաջին ամիսներից փակել էր սահմանները՝ կանխելու վիրուսի տարածումը: Վարչապետ Ջասինդա Արդերնը վերջերս հայտարարել էր, որ սահմանների լիարժեք վերաբացումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին:
Սահմանների փակումը, ինչպես նաև լոքդաունն ու խստացված այլ միջոցառումները կարողացել էին սահմանափակել վիրուսի տարածումը Նոր Զելանդիայում, որտեղ համավարակի սկզբից մինչև հիմա գրանցվել է մոտ 17.000 դեպք, մահացել է 53 մարդ:
Այդուհանդերձ, Նոր Զելանդիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի ի հայտ գալով դեպքերի թիվն աճելու է: Նրանք կոչ են արել բոլոր քաղաքացիներին պատվաստվել ու ստանալ խթանիչ պատվաստանյութի դեղաչափը: