Նա նախընտրեց պարտված մնալ իր աթոռին և ընդունել միակողմանի զիջումները. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նշում էր կուսակցության ստեղծման 131-ամյակը: Տոնական հանդիսությանը ներկա էին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները և այլք։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ելույթում նշեց, որ այսօր ՀՅԴ-ն քաղաքական առումով պետականակերտ և ազգային, ազատագրական պայքար մղող կազմակերպություն է, որը գործում է ամենուր, որտեղ կա գեթ մեկ հայ, ծառայելով Արցախի, Հայաստանի ու սփյուռքի հայության շահերին։
«2021 թվականը ծանր տարի էր հայության համար, 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում, բնականաբար, նվիրված էինք Արցախի հաղթանակն ապահովելու գործին։ Ստեղծելով, քաղաքային, հայանպաստ զորաշարժ մեր տարբեր երկրների բարեկամների ջանքերով՝ հայտարարելով հակաքարոզչություն Ադրբեջանի ու Թուրքիայի քարոզչական գրոհին։ Կասկած չկար, որ համահայկական այս միասնությունը, ազգովի բռունցքվելն անհրաժեշտ էին, սակայն պատերազմի ընթացքը ցնցեց բոլորիս, մանավանդ, երբ կեղծ հաղթանակի տպավորություն ստեղծած իշխանության շղարշը պատռվեց։ Ազգային նվաստացման առաջնորդած Հայաստանի ղեկավարը մերժեց արժանավայել կերպով ընդունել Արցախն ու Հայաստանը աղետի տանելու պատասխանատվությունը։ Նա վճռեց ամեն գնով կառչած մնալ իշխանության աթոռին և ընդունեց պարտվողական պայմանները, որոնք այսօր էլ դրսևորվում են միակողմանի զիջումներով»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ այսօր երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առջև, իսկ իշխանությունները բազմիցս ապացուցել են իրենց անկարողությունները, շարունակական նահանջի մեջ են միջազգային բևեռում և պատրաստ են ցանկացած տեսակի զիջումների։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում