
Թուրքիայում փորձել են Աթաթուրքի արձանը ցած գցել պատվանդանից

Թուրքիայի Սամսուն քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի արձանի վրա: Հարձակումը, սակայն, անհայտ հանգամանքներով հնարավոր չի եղել ավարտին հասցնել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ փետրվարի 3-ին անհայտ անձինք պարաններ են փաթաթել ձիու ոտքերին, որի վրա բազմած դիրքով քանդակված է Աթաթուրքը, և փորձել են պարաններից քաշելով, ցած գցել արձանը: Ոստիկանությունը տարածքը տեսահսկող սարքերի տեսանյութերից պարզել է, որ հարձակվողները նաև մեքենա են մոտեցրել արձանին:
Ավելի ուշ Սամսունի նահանգապետարանը հայտարարել է, որ ոստիկանության ծառայողներն արդեն ձերբակալել են գործով 2 կասկածյալի:
Մեկ այլ հարձակում էլ տեղի է ունեցել արդեն փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը: Այս անգամ հարձակվողները վառել են Էդիրնեյի Ուզունքյոփրյու շրջանի Արդարության հուշարձանը: Կեսգիշերին մոտ անհայտ անձիք դյուրավառ նյութով հրդեհել են արձանը: Դեպքի վայր ժամանած հրդեհներին հաջողվել է մարել կրակը, սակայն արձանը լրջորեն վնասվել է:
Նշվում է, որ այս միջադեպի առիթով ևս քրեական գործ է հարուցվել, պատկան մարմիններն աշխատանք են տանում մեղավորներին հայտնաբերելու համար: