Փաշինյանը մարտին կմեկնի Թուրքիա․ Թուրքիայի փոխնախագահ
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
«Փաշինյանը մարտին այցով կժամանի Թուրքիա և կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին»,- թուրքական պարբերականները մեջբերում են Օքթային:
«Թեև Ղարաբաղի ազատագրումը և գործընթացը, որին մինչև վերջ աջակցում ենք, ընկալվում է որպես պատերազմ, իրականում խաղաղության բանալին է: Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, փոխադարձ դրական ուղերձներ են հղվել: Մենք ցանկանում ենք, որ գործընթացն արագանա»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ Փաշինյանը ևս կարող է այցելել մարտին կայանալիք համաժողովին: Բացի այդ, թուրքական կողմը հրավեր էր ուղարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանի անունով: