«Մոնթեն ճիշտ էր, այս տգետ մանկլավիկների խունտան՝ սխալ. խաղաղություն պետք է լինի միայն մեր հաղթանակով». Աբրահամ Գասպարյան

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը 12 տարի շարունակ խորքային ուսումնասիրել է աշխարհում ուղեղային կենտրոնների կառուցվածքը:

«Ուղեղային կենտրոնները ժամանակակից աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային ուղենիշերը սահմանողներն են: ԱՄՆ-ում, օրինակ, կա 1957 ուղեղային կենտրոն, որոնցից ամենահայտնիները ընդունում են այնպիսի ռազմավարություններ, այնպիսի խորքային վերլուծություններ են գրում, որոնք տեղ են զբաղեցնում ամերիկյան քաղաքական որոշում ընդունողների սեղանի վրա: ԱՄՆ նախագահները դեռ 30-ականներին հասկացան, որ չի կարելի տարերային, արկածախնդիր մոտեցումներով հայտ ներկայացնել աշխարհի կառավարման: Այդ իսկ պատճառով խելոք երեխաներին տվեցին հնարավորություն, կրթություն, վարձատրություն, որպեսզի սոցիալական խնդիրներով չզբաղվեն, կայացան այդ մարմինները, ոմանք սկսեցին շատ լուրջ աշխատել պետության հետ, ոմանք սկսեցին մասնավոր կորպորացիաների շահերը պաշտպանել: Պատկերացրեք՝ աշխարհի 192 պետության հետ ԱՄՆ-ը պետք է առնչվի, հո միայն նախագահը չի՞ զբաղվելու դրանով, կամ միայն Կոնգրեսը չի՞ զբաղվելու: Քաղաքական կուրսը որոշվում էր՝ ըստ այդ զեկույցների, վերլուծությունների, որ արվել են»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Աբրահամ Գասպարյանը միշտ ցանկցություն է ունեցել Հայաստանում ուղեղային կենտրոն ունենալ. ««Նորավանք»-ը, ցավոք փակվեց, այնտեղի մասնագետները լուրջ աշխատանք են կատարել: Իհարկե, ցավ եմ ապրում, որ հայտնի ՊՈԱԿ-ը, որը ժամանակին թիրախ ուներ՝ հակաադրբեջանական, և ինչ-որ տեղ նաև՝ թուրքական սպառնալիքները չեզոքացնելու, վերջին 4 տարվա ընթացքում, բնականաբար, իջել է ընդամենը ֆեյսբուքյան գրառումների մակարդակի, այնպես, ինչպես իրենց մտավոր մակարդակն է: «Ջենեսիս Արմենիա»-ն 12 ոլորտում մշակել է ռազմավարություններ, որոնք հիմա ընթացքում են՝ անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն»:

«Ջենեսիս Արմենիա»-ի ռազմավարությունները երեք փուլով են իրականացվելու՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ: Միջնաժամկետ ծրագրերը (4-5 տարի) պայմանավորված են Արցախով: «Մենք 2025թ. փաստի առաջ ենք կանգնելու, այստեղ կարող ենք շատ խոսել, որ Ռուսաստանը երկարատև կմնա, բայց մենք պետք է առաջնորդվենք փաստերով: «Ջենեսիս Արմենիան» բոլոր միջոցներով նպաստելու է, որպեսզի 2035 թվականին Արցախում բնակչությունը լինի ոչ պակաս, քան 200 հազարը: Սա կենաց չէ, երազանք չէ, սա պետք է լինի նպատակ, որի համար դու ամեն տարի պետք է ամբողջ ռեսուրսդ կենտրոնացնես, կարողանաս բանակցել, ատելությունը միջիցդ հանել և քո հայրենակցին դիտարկես՝ որպես 120 միլիոնանոց թուրքական աշխարհում ընդամենը 2.5 միլիոն, և առավելագույնը՝ աշխարհում 10 մլն զանգված, որն ունի անվտանգության խնդիր»,- ընգծեց նա:

«Ինչո՞ւ անպայման պետք է ընդունես, որ «սապոգը» դրել են գլխիդ, և պետք է հաշտվես իրականության հետ, չկա այդպիսի բան, չեմ հաշտվում այս իրականության հետ, որքան էլ մանրախնդիր և փնթի տգետներ կանգնեն հրապարակավ պետության օրենսդիր ինստիտուտի ամբիոնից հայտարարեն՝ էդ ե՞րբ է Շուշին եղել հայկական»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ բայց այդ թեզերը հանրության մի շրջանի մոտ արձագանք են գտնում, և նրանք սկսում են կրկնել ու շրջանառել դրանք, նա արձագանքեց. «Եկեք՝ ընդունենք մի ճշմարտություն՝ մենք 30 տարի տապալեցինք պետություն ստեղծել: Սույն անձնավորությունը, որի անունը ես նույնիսկ չեմ տալիս, մեր հասարակության տգիտության խտացումն է, տգիտության խտանյութն է, որովհետև այն թեզերը, որոնք ինքը առաջ է տանում, հայկական չեն: Մենք 30 տարի մեղավոր ենք, որ անտեսեցինք կրթությունը և արժեքները, մենք 30 տարի մեղավոր ենք, որ հեռուստատեսությամբ և սոցիալական բոլոր հարթակներում ստեղծեցինք քվազի կերպարներ: Մենք ստեղծեցինք սուտ հերոսներ՝ փողոցային հանդերձանքի մեջ գտնվող, ժարգոնից սկսած՝ մինչև մտածողություն, որը շրիշակից ցածր է, բերեցինք առաջնային պլան և մինչև օրս շրջանառում ենք դա»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ իշխանությունից զատ, ազգային ընտրանի չի ձևավորվել, որը պետք է ուղղորդի. «Նույնը վերաբերում է նաև հոգևոր դաշտին: Երբ դու ունենում ես այնքան հավատ և այնքան հուսալիություն քո զավակների շրջանում, մեկ մատի թափահարումով, որ՝ այս մարդիկ սխալ են, քո հետևից պետք է գան, եթե դա չկա, նշանակում է՝ մենք ձախողել ենք: Մենք քաղում ենք մեր գործած մեղքերի պտուղները՝ բոլոր ոլորտներում: 30 տարի մենք ձախողել ենք՝ լիարժեք համակարգ ստեղծել»:

Աբրահամ Գասպարյանը նկատեց՝ գործող իշխանությունը սպասարկել է ՀՀ առաջին իշխանությունների այն հայտնի թեզերին, որ՝ ինչների՞դ է պետք Արցախը, թող լինի ադրբեջանական տարածք՝ էթնիկ հայկական մեծամասնությամբ:

«Չզարմանաք, որ մարդիկ ասում են՝ բոլորին փորձեցինք, ոչ մի արդյունք չկա, գուցե սա ինչ-որ բան անի. չարեց, ավելի ստորացրեց, ավելի ստրկացրեց և ավելի է ստրկացնելու: Այնպես որ, «Ջենեսիս Արմենիա»-ի գաղափարախոսական հենքը ազգի գիտամտավոր էլիտայի ձևավորումն է և այդ էլիտային ի գործ դնելը»,- ընդգծեց նա:

Նա շեշտեց՝ իշխանությունների և նրանց սատարող ուժերի քաղաքականությունը շատ պարզ է՝ ունենալ տգետ սերունդ, որպեսզի հեշտ կառավարելի լինի:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան հաստատելու՝ գործող իշխանությունների հայտարարություններին, նա հետևյալը նշեց. «Այս տգետներին ընդհանրապես հորդորում եմ կարդալ, սովորել համաշխարհային պատմությունը և այդ համատեքստում տեսնել քո ազգի պատմությունը, և միշտ հիշել, որ համաշխարհային գրահրատարակչությունը միշտ նպատակային է օգտագործել ֆանտաստիկ մտավորականների մտքերը: Դուք գիտե՞ք, օրինակ, Դանիել Վարուժան և Սիամանթո Խորհրդային Հայաստանում առաջին անգամ երբ տպագրվեց՝ Երկրորդ աշխարհամարտին, երբ ԽՍՀՄ-ին անհրաժեշտ էր Խորհրդային Հայաստանի և անվտանգային կառույցների միջոցով Սփյուռքի հայությանը մոբիլիզացնել՝ չորդեգրելու հակասովետական քաղաքականություն: Ես հորդորում եմ ազգայինով տառապող հայերին, որոնք ասեղի վրա են նստել և չեն կարողանում իրենց տեղը գտնել, կարդալ Հայկ Ասատրյան, Շահան Նաթալի, Զարևանդ: Ես հորդորում եմ, տգետներ, որ գտնվում եք իշխանությունում, կարդացեք Զարևանդ:

Կարդացեք և կտեսնեք՝ այդ մարդիկ ինչպես են հզոր գեոպոլիտիկ մտածողություն ունեցել 120-130 տարի առաջ, Հունգարիան կապել Բաքվի նավթերի հետ, հայ-թուրքական, հայ-թաթարական կռիվների հետ, և ուղենշել, թե ինչպիսին պետք է լինի տարածաշրջանը: Դուք պատահակա՞ն եք համարում Սաֆարովի նման անասնական կրքով տառապող մարդու հայտնվելը Հունգարիայում. Գիտությամբ զբաղվող մարդիկ ենք, փաստերով ենք սիրում խոսել: Ինչ վերաբերում է խաղաղության դարաշրջանին՝ խաղաղությունը կլինի ֆիկտիվ, խախուտ, ես կասեի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ոչ թե՝ խաղաղություն: Մենք չենք ունենա խաղաղություն, կունենանք դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

Այստեղ ներդրումներ բերելով՝ դու խնդիր չես լուծի: Մարդկանց թվում է, որ խաղաղություն կամ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը հենց այնպես, մի գրչի հարվածով պետք է լինի, որպեսզի մի անմեղսունակ հավակնություն ներկայացնի Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալո՞ւ. չի լինում այդպես»:

Աբրահամ Գասպարյանը հավելեց. «Ես եղել եմ եվրոպական գրեթե բոլոր երկրներում, հետևել եմ մեր խորհրդարանական, պետական պաշտոնյաների թե՛ ելույթներին, թե՛ քաղաքականությանը, և այլն, ես Ստրասբուրգի միջանցքներում քայլում էի օբյեկտիվորեն ինքնավստահ, հիմա ո՞ր մեկին ցույց տաք՝ ասեք՝ ինքնավստահ է: Եթե հավաքական հաղթանակ չլինի, բացասական էներգիա է կուտակվելու, և դա մենք դրսևորելու ենք մեկմեկու հանդեպ: Այնպես որ, Մոնթեն ճիշտ էր, այս տգետ մանկլավիկների խունտան՝ սխալ. խաղաղություն պետք է լինի միայն մեր հաղթանակով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս