«Եթե զորքը հետ են քաշում, ապա այդ տրամաբանությամբ կարող են մինչև Երևանի կենտրոն հետ քաշել». Տիրան Խաչատրյան

Հունվարի 27-ին ԱԺ-ում հրավիրած ասուլիսի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ,. ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն  անդրադառնալով սահմանազատմանն ու սահմանագծմանը և այս համատեքստում իշխանությունների բազմիցս արած հայտարարություններին՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ, նշեց, որ սահմանազատում սկսելու համար լավագույն տարբերակը հայելային հետքաշումն է։

«Մեր ընկալումն այն է, որ մեր ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը, և կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակել, և այդ առաջարկությունից Հայաստանը երբևէ չի հրաժարվում։ Առաջին քայլ որպես՝ նմանատիպ գործընթաց սկսելու համար, կարծում ենք՝ հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է»,- ասել էր Է. Աղաջանյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը խոսելով իշխանությունների՝ զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություների և դրա հետևանքների մասին նկատեց. «Առհասարակ հայելային հետքաշման գաղափարին շատ վատ եմ վերաբերվում։ Երբ թշնամին է ներխուժել մեր սուվերեն տարածք, ի՞նչ հայելային հետքաշման մասին է խոսքը։

Ես չգիտեմ՝ իրենց տրամաբանությունը, քայլերի հաջորդականությունը ինչպիսին է։ Եթե զորքը հետ են քաշում, ապա այդ տրամաբանությամբ կարող են մինչև Երևանի կենտրոն զորքերը հետ քաշել»։

Ինչ վերաբերում է Հայոց բանակի 30-ամյակին և հարցին՝ օրն ինչպե՞ս և որտե՞ղ է նշել, Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Առանձնահատուկ չեմ նշել և որևէ միջոցառման չեմ մասնակցել»։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի մայիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում առաջ քաշեց զորքերի հայելային հետքաշման գաղափարը, սա՝ այն դեպքում, երբ 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և զբաղեցրել տարբեր դիրքեր։ Մինչ օրս նրանք շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում։

Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած այս գաղափարին որևէ արձագանք չեղավ թշնամու կողմից։

Տեսանյութեր

Լրահոս