Սահմանազատում իրականացնելու համար լավագույն տարբերակը հայելային հետքաշումն է. Հայաստանն այդ առաջարկից չի հրաժարվել. Էդուարդ Աղաջանյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ պաշտոնապես տարածված հաղորդագրությանը՝ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով հիվանդանալու մասին, ու նաև համացանցում տարածված տեղեկություններին, թե Բանակի հոբելյանական օրվան ընդառաջ լուրը տարածվեց, որպեսզի չմասնակցի տոնակատարություններին։
«Հուսամ, դուք չեք մտածում, որ ես նման կարգի անհեթեթությունները պետք է մեկնաբանեմ»,- խոսքն ուղղելով լրագրողներին՝ հակադարձեց Էդուարդ Աղաջանյանը։
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, պատգամավորն ասաց, որ տվյալ պահին որևէ որոշում չունեն դեռևս։
«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ, ինչպես նշեցի, տվյալ պահին որոշում չկա։ Քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշում կայացվի՝ բնականաբար, սահմանված ժամկետի սահմաններում։ Արայիկ Հարությունյանի թեկնածության վերաբերյալ այս պահին որոշում չկա»,- հավելեց նա։
Էդուարդ Աղաջանյանը նաև անդրադարձավ ՀՀ արտգործնախարարի այն հայտարարությանը, որ առաջարկությունների փաթեթ են ներկայացրել Ռուսաստանին, որն էլ իր հերթին փոխանցվել է Բաքվին, շեշտեց, որ այն առաջարկությունները, որոնք Հայաստանի կողմից ներկայացվել են գործընկերներին, դրանք նախապայմաններ չեն։
«Մենք բազմիցս նշել ենք, որպեսզի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը գործնականում հնարավոր լինի իրականացնել, նախքան գործընթացի սկսելն անհրաժեշտ է ապահովել նվազագույն անվտանգային պայմաններ։ Այդ թվում՝ որպեսզի համապատասխան հանձնաժողով ձևավորվի։ Ըստ էության ՀՀ առաջարկությունն ուղղված և միտված էր հենց այդ երաշխիքների ապահովմանը։ Ըստ այդմ, մեր դիրքորոշումը շատ հստակ էր, կարծում եմ՝ գործնականում և մենք վստահաբար կհամոզվենք դրանում, ուղղակի հնարավոր չի լինի սկսել նմանատիպ գործընթաց, քանի որ առանց դրա ռիսկը շատ մեծ է, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ»,- նշեց Է. Աղաջանյանը։
Հարցին, թե հայելային հետքաշմանը և դրան հետևած ադրբեջանական կողմի ոչ պաշտոնական արձագանքն ու տարաբնույթ հայտարարությունները, արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանի առաջարկները մերժվել են, հետևաբար հայելային հետքաշման առաջարկի քննարկումն օրակարգից դուրս է եկել, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց՝ չի կարելի նման ենթադրություն կամ հետևություն անել, քանի որ գործնականում նմանատիպ գործընթաց սկսելու համար դա նվազագույն նախապայման է։
«Մեր ընկալումն այն է, որ մեր ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը, և կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակել, և այդ առաջարկությունից Հայաստանը երբևէ չի հրաժարվում։ Առաջին քայլ որպես՝ նմանատիպ գործընթաց սկսելու համար, կարծում ենք՝ հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է»,- եզրափակեց Էդուարդ Աղաջանյանը։