Խոշորների լույսն ու ստվերը
Պետեկամուտների կոմիտեն օրերս հրապարակեց անցած տարվա խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկում կրկին աչքի են զարնում պետական կառավարման մարմինները։ Նստած լինելով բյուջեի վրա և ֆինանսավորվելով հարկատուների հաշվին, դրանցից շատերը հանդիսանում են խոշոր հարկատուներ։ Բայց զուտ այն պատճառով, որ երբեմն մեծ գումարի եկամտային հարկ են վճարում։
Պետական բյուջեից գումարները գնում են աշխատավարձ վճարելու համար, մի մասը եկամտային հարկի ձևով կրկին վերադառնում են բյուջե։
Գործ ունենք, այսպես կոչված, կարուսելի հետ. կառավարությունը մի գրպանից փողը հանում է, դնում է մյուս գրպանը։ Այն տնտեսական գործունեության հետ կապ չունի, բայց բավական շոշափելի ազդեցություն է թողնում բյուջեի եկամուտների վրա։
Ունենք պետական կառավարման մարմին, որը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը։ Խոսքը Պաշտպանության նախարարության մասին է։ ՊՆ-ն սնվելով բացառապես պետական բյուջեից, անցած տարի վճարել է ավելի քան 42,6 մլրդ դրամի հարկ։ Վճարված հարկերը 6,5 միլիարդով ավելի շատ են եղել, քան 1 տարի առաջ։ Գոյացած հարկերի մեծ մասը եկամտային հարկի գծով են. 42,6 մլրդ դրամից 35,9 միլիարդը եղել է եկամտային հարկը։
ՊՆ-ն այն քիչ պետական կառավարման մարմիններից է, որը վճարել է նաև ԱԱՀ՝ ավելի քան 5,2 մլրդ դրամի չափով։ Դա էլ հավանաբար առաջացել է տարբեր ապրանքներ, աշխատանքներ ու ծառայություններ ձեռք բերելու արդյունքում։
Պետական մարմիններից երկրորդ խոշոր հարկատուն Երևանի քաղաքապետարանն է։ Այս կառույցի վճարած հարկերը կազմել են 5,3 մլրդ դրամ՝ կտրուկ ավելանալով նախորդ տարվա համեմատ։ 2020թ. Երևանի քաղաքապետարանը վճարել էր 1,7 միլիարդի հարկ։ Անցած տարի այն եռապատկվել է։
Պետական մարմիններից խոշորների ցանկում երրորդը ՊԵԿ-ն է՝ վճարած գրեթե 4,5 մլրդ դրամ հարկերով։ Ավելի քան 3,3 միլիարդը եկամտային հարկն է։
ՊԵԿ-ին հաջորդում են ԱԱԾ-ն ու Բարձրագույն դատական խորհուրդը։ Մեկն անցած տարի վճարել է 4,2 միլիարդ, մյուսը՝ շուրջ 2,7 մլրդ դրամի հարկ։ ԱԱԾ-ի վճարած հարկերից 3,9 միլիարդն է եղել եկամտային հարկը, ԲԴԽ-ինը՝ 2,2 միլիարդը։
Պետական կառավարման մարմիններից կտրուկ ավելացել են վարչապետի աշխատակազմի վճարած հարկերը։ Նախորդ տարվա 898 մլն դրամից դրանք հասել են 1,6 միլիարդի. շուրջ 780 միլիոնը եղել է եկամտային հարկը։
Եկամտային հարկի վճարները գերակշռում են նաև պետական կառավարման մյուս մարմինների վճարած հարկերի կառուցվածքում։ Դրանք աշխատավարձից, պարգևավճարներից ու հավելավճարներից գոյացող հարկերն են։ Որքան բարձր են աշխատավարձերը, պարգևավճարներն ու հավելավճարները, այնքան շատ են նաև եկամտային հարկի գումարները։
Այժմ անդրադառնանք զուտ տնտեսական դաշտում գործող հարկատուներին։
Մինչ այդ՝ նշենք, որ անցած տարի խոշոր հարկատուների վճարած հարկերը կազմել են ընդհանուր առմամբ 1 տրիլիոն 206 մլրդ դրամ։ Նախորդ տարվանից սա ավելի է 129 միլիարդով։ Աճը հասնում է 12 տոկոսի։
Թվում է, թե գործ ունենք բավական լավ արդյունքի հետ։ Բայց երբ նայում ենք, թե ինչքան են ավելացել մյուս հարկատուների վճարած հարկերը, տեսնում ենք, որ գործ ունենք հարկային բեռի խիստ անհամաչափ ավելացման հետ։ Խոշորների ցանկում չընդգրկված հարկատուների վճարած հարկերի աճի տեմպն անհամեմատ ավելի բարձր է։
Եթե խոշորների վճարած հարկերն աճել են գրեթե 12 տոկոսով, ապա մնացածինը՝ 25 տոկոսով։ Նրանց դեպքում աճի տեմպն ավելի քան կրկնակի բարձր է։
Անկախ նրանից, թե սա ինչի հետևանք է, մտածելու, առավել ևս՝ մտահոգվելու տեղիք է տալիս։
Որպես ամենախոշոր հարկատու, անցած տարի եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 48,8 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա համեմատ ընկերության վճարները գրեթե 6 միլիարդով ավելացել են՝ պայմանավորված միջազգային շուկաներում մետաղների գների բարձրացմամբ և տարվա երկրորդ կեսից կիրառվող արտահանման տուրքով։
Արտահանման տուրքի կիրառումը և սկսված անհարկի միջամտությունները չնայած իրենց ազդեցությունն են ունեցել ոլորտի արտադրության ծավալների վրա, այնուհանդերձ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերն անցած տարի ավելացել են։
Կտրուկ են աճել հատկապես «Թեղուտի» վճարները, թեև դրանք անհամեմատելի են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարների հետ։ «Թեղուտն» անցած տարի բյուջե է փոխանցել 15,3 մլրդ դրամ՝ կրկնակի ավելի շատ, քան նախորդ տարի։
Որքան էլ շարունակում է խափանված մնալ Ամուլսարի ծրագիրը՝ «Լիդիան Արմենիան» բավական խոշոր գումարի հարկային պարտավորություն է կատարել։ Այն կազմել է ավելի քան 4,3 մլրդ դրամ, ինչը 12 անգամ գերազանցել է 2020թ. ցուցանիշը։
Նույնը, սակայն, չի կարելի ասել հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր ընկերության՝ «Գեոպրոմայնինգ Գոլդի» մասին, որի պարագայում ունենք վճարած հարկերի բավական շոշափելի կրճատում, շուրջ 5,5 մլրդ դրամի չափով։ Սա էլ պատերազմի հետևանքն է, որի արդյունքում ոչ միայն Սոթքի մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, այլև առաջացան անվտանգության հետ կապված խնդիրներ, որոնք երբեմն-երբեմն խոչընդոտում են հանքի անխափան աշխատանքը։
Խոշորների ցանկում նկատելի են տնտեսության այն ոլորտները, որոնք անցած տարի խնդիրներ են ունեցել։ Դրանցից մեկն էլ ծխախոտի արտադրությունն է։ Նվազել են արտադրության ծավալները՝ հանգեցնելով նաև ոլորտից պետական բյուջե վճարվող հարկերի կրճատման։ Դա ակնհայտ է հատկապես «Գրանդ Տոբակոյի» պարագայում։
Այս ընկերությունն անցած տարի ավելի քան 7,6 միլիարդով պակաս հարկ է վճարել։ Վճարված հարկերը կազմել են շուրջ 42,2 մլրդ դրամ։
Այնինչ՝ 2019թ. «Գրանդ Տոբակոն» պետական բյուջե էր փոխանցել 57 մլրդ դրամի հարկ։ Անցած տարվա համեմատ շուրջ 15 միլիարդով ավելի շատ։
Նվազել են ոչ միայն ծխախոտի տեղական ամենախոշոր, այլև ներմուծող ընկերությունների վճարած հարկերը։ Պատճառը հիմնականում այն հարկային քաղաքականությունն է, որ իշխանություններն իրականացնում են ոլորտի նկատմամբ։
Միլիարդների հարկային պարտավորություններ կատարած ընկերությունները երբեմն շատ քիչ շահութահարկ են վճարել։ Վառելանյութ ներմուծող և իրացնող հայտնի «Սի Փի Էս Օիլն» անցած տարի վճարել է ավելի քան 18,1 մլրդ դրամի հարկ, որից շահութահարկը եղել է ընդամենը 21,5 մլն դրամը։ «Ֆլեշը» վճարել է 59,8 մլն դրամի շահութահարկ՝ ընդհանուր առմամբ կատարած գրեթե 15,5 մլրդ դրամ հարկային պարտավորություններից։
Շահութահարկի մեծությամբ չի փայլել նաև հայտնի «Ալեքս ընդ Հոլդինգը»։ Կատարված 10,5 միլիարդ հարկային պարտավորություններից շահութահարկը կազմել է 246 մլն դրամ։ Նույն գործարարին պատկանող Սիթիների ցանցն անցած տարի վճարել է ավելի քան 8 մլրդ դրամի հարկ, որից շահութահարկը եղել է ընդամենը 82 մլն դրամ։
Այսպիսի ընկերություններ ցանկում շատ կան, բայց դրանց բոլորին հնարավոր չէ հատ առ հատ անդրադառնալ։ Խոշորների ցանկը շատ բազմազան է, որտեղ կարելի է տեսնել այն զարգացումները, որոնք տեղի են ունենում մեր տնտեսության մեջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ