Բաժիններ՝

Նիկոլին այս տարի չհաջողվեց ինձնից «գողանալ» բանակը, միայն տոնը…

Անցած տարի այս օրը «Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել…» վերտառությամբ հոդված էի տպագրել՝ որպես պատասխան այն գրառումներին, թե պարտությունից հետո ինչ տոն, չշնորհավորեք մեզ:

«Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն երբեք քեֆի սեղաններին «անտերուդուս» դրված չի եղել, որ դրա շուրջ նստողները գողանան, և ոչ էլ կենացի բաժակների մեջ, որ տոնական կերուխումից հետո քեֆի սեղանը հավաքողները վերցնեն «թափեն» ու էլ չլինի…

Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն գրեթե միշտ այնպես է սկսվել և անցել, ինչպես այսօր՝ ծանոթ սպաներին շնորհավորելով, բանակային երգեր լսելով, հանուն հայրենիքի զոհված զինվորներին և սպաներին հիշելով, որոնց մեջ ծանոթներ են եղել՝ թեկուզ մեկ անգամ զրույց ունեցած, մտերիմ դարձած զինվորներ, որոնց հյուրասիրած նրբերշիկով և սմբուկի խավիարով բուտերբրոդը հրաժարվեցի դիրքերում ուտել, իսկ հետո էս պատմություն ունեցող հացով, երշիկով և խավիարով բուտերբրոդը փոխարինվեց պատմություն չունեցող սննդով, և ես կորցրեցի հավետ դիրքերում էս բուտերբրոդն ուտելու հնարավորությունն արցախյան դիրքերում՝ ականջներումս պինդ պահելով՝ «էս մեր ֆիրմային ուտեստն է, կերեք, չեք փոշմանի հաստատ»-ը:

Բայց Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև այն իմ դեպքում մեկ օր չէ, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ «բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում, բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի և գեղեցիկ օրերից, բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է»:

Եվ վերջապես Հունվարի 28-ն ինձնից չեն գողացել, որովհետև Բանակը կա, իմ Բանակը կա»,- գրել էի անցած հունվարքսանութին, ինչը այսօր էլ ուժի մեջ է՝ բայց արդեն որոշ սրբագրումներով:

Այս տարի Հունվարի 28-ն ինձնից որոշ առումով գողացել են, թեպետ անցած տարի էլ աշխատանքի չէի գնացել «կամուֆլյաժով», ինչպես վերջին երեք տարում:

Գողացել են, թեպետ սովորության համաձայն՝ շնորհավորել եմ նրանց, ում միշտ շնորհավորել եմ, ով բանակում ներդրում է ունեցել:

Ինձնից տոն են գողացել, բանակի կազմավորման 30-ամյակը նշելու հնարավորությունը: Այն զուտ լավ հարցազրույցների հնարավորություն չէ:

Ինձնից տոն են գողացել, բայց ոչ միայն ինձնից:

Այն ազատամարտիկներից, որոնք նախկինների օրոք հանդիսությունների չէին մասնակցում, բայց անհամբեր սպասում էին այս օրվան, որ հանեն պահարանից բանակի փոշոտված առաջին համազգեստը, մեդալները և վազեն Եռաբլուր, որպեսզի հետո համեստ սեղանի շուրջ նշեն բանակի տոնն ու հաղթանակները մարտական ընկերներով՝ իշխանություններից նեղացած, բայց հպարտ, որովհետև…

Նիկոլը այս տարի փորձեց նրանցից և ինձնից նաև բանակը, հայ զինվորին «գողանալ». դասալիք-հերոս անհաջող խաղից հետո, նա դեկտեմբերի 31-ին հայ զինվորին ստիպեց պարել ոչ թե մահվան աչքերին նայելով, այլ ընկերների մահվան լուրի «վրա»:

Ու Նիկոլի բեմադրած այս պարը նոր զոհեր «ծնեց»:

Բայց Նիկոլին չհաջողվեց ինձնից «գողանալ» բանակը և հայ զինվորին, ինչպես շատ զինվորականներից՝ փառահեղ ռազմական անցյալը, հեղինակությունը, ոմանց դեպքում՝ բանակին ծառայելու հնարավորությունը, որոշների դեպքում էլ՝ կյանքը:

Չհաջողվեց և դրա համար շարունակելու է փորձել: Բայց ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ առանց հավատք՝ բանակ չի լինում: Ուստի այլ բան չի մնում, քան ատամներով պահել այս հավատքը, եթե անգամ այսօր հեռու է թվում այն օրը, որ նորից փառքով և պատվով ենք նշելու բանակի օրը և չնշած տարեդարձները:

Հ.Գ. Մինչ Նիկոլ Փաշինյանը  օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ՀՀ ԶՈՒ կազմավորման 30-ամյակի միջոցառումներ է չեղարկում: Ալիևը իր աշխատակազմին հանձնարարել է մշակել և իրականացնել գործողությունների ծրագիր՝ կապված Խոջալուի «ցեղասպանության» 30–րդ տարելիցի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս