«Բաջանաղապետությունը և պաշտոնի նշանակելու մնացած վատ երևույթները քաղաքացիական պաշտոնի դեպքում է վտանգավոր»․ Արդարադատության նախարար
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գրիգոր Մինասյանին իր տեղակալ նշանակելու հարցին, խոստովանել էր, որ Մինասյանն իր ընկերն է։
Լրագրողի հարցին՝ արդյոք այդ հանգամանքը չի՞ տեղավորվում «բաջանաղապետության» սկզբունքի մեջ, որ խնամի, ծանոթ, բարեկամներին նշանակում են պաշտոնների, Անդրեասյանը պատասխանեց․
«Բաջանաղապետությունը և մնացած բոլոր վատ երևույթները պաշտոնի նշանակելու, դա ինձ թվում է՝ այն դեպքում է վտանգավոր, երբ դա քաղաքացիական պաշտոն է՝ մրցութային, և դու քո ծանոթին կամ բարեկամին անցկացնում ես այդ մրցույթում։ Մեկ այլ վատ օրինակ է, երբ քաղաքական նույնիսկ պաշտոնի ես նշանակում, բայց իր մասնագիտական արժանիքները չեն բավարարում։ Ես վստահ եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ կան քաղաքական, գործընկերային, ընկերական հարաբերություններ, որտեղ պահպանված է նաև մասնագիտական որակը և շահը, դա նորմալ է նշանակումների համար»։
Ճշտող հարցին՝ արդյոք նման նշանակումները ռիսկ չե՞ն պարունակում, Արդարադատության նախարարը պատասխանեց՝ բացարձակ ռիսկեր չի պարունակում։
Դիտարկմանը, որ ի տարբերություն իրեն՝ Կարեն Անդրեասյանի, Կառավարության և Ազգային ժողովի բարձր պաշտոններ զբաղեցնող մի շարք գործիչներ որևէ կապ չունեն իրենց ղեկավարած ոլորտների հետ, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը և այլք, պատգամավորներ են նշանակվում Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ մերձավորները, Արդարադատության նախարարն այսպես արձագանքեց․
«Դուք սկսեցիք մեղադրել իմ գործընկերներին, և դա ինձ ամենևին չի կարող ոչ միայն դուր գալ, այլև ես չեմ կարող ձեզ հետ համաձայնվել, որովհետև իմ գորժընկերներից շատերը, ում անունները դուք նշեցիք, անցել են իրենց շատ կարևոր ճանապարհը, և եթե նույնիսկ ինչ-ինչ ոլորտներում իրենք նեղ մասնագիտացում չունեն, իրենք նշանակվել են քաղաքական պաշտոնների։ Ի՞նչ է քաղաքական պաշտոնը, քաղաքական պաշտոնում դու պետք է կիսես քաղաքական թիմի սկզբունքները, արժեքները, գաղափարները, դրանից բացի, ունենաս որոշակի կյանքի փորձ, իսկ ձեր նշած մարդիկ ունեն հսկայական կյանքի փորձ, անկախ նրանից, թե դուք այդ փորձն ինչպես եք գնահատում։ Նույնիսկ, եթե մարդը եղել է արվեստում և այսօր պատգամավոր է, դա էլ է կյանքի կարևոր փորձ, որ նա պետք է բերի Ազգային ժողով․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում