«Այս շաբաթ գտնվում ենք կորոնավիրուսի պրոգրեսիվ աճի շրջանում. հիվանդացածների միայն 5-6 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստի ավարտին անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին՝ հայտնեց, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում նկատվում է «Օմիկրոն» շտամով հիվանդացության կտրուկ աճ։

«Մենք երեկ գրանցել ենք 2556 նոր դեպք, իրականացվել է 7404 թեստավորում, ունեցել ենք 2 մահ։ Այս շաբաթ պրոգրեսիվ աճի շրջանում ենք գտնվում։ Ինչ վերաբերում է հիվանդացածների շրջանում հոսպիտալացման տոկոսներին, ապա այն տատանվում է 5-6 տոկոս, այսինքն՝ հիվանդացածների միայն 5-6 տոկոսն է, որ կարիք ունի հոսպիտալացման, ինչը, կարելի է ասել՝ միակ ուրախալի լուրն է այս ընթացքում»։

Ավանեսյանի խոսքով՝ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների նման ցածր թվին նպաստում են պատվաստումները, ինչպես նաև շտամի որոշակի առանձնահատկությունները։

«Պատվաստումներն ակտիվ շարունակվում են, առաջին դեղաչափը ստացել են մեր քաղաքացիների 45.3 տոկոսը, իսկ երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը։ Վերջին 1 շաբաթվա ընթացում նկատում ենք պատվաստումների թվի աճ։ Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում անսիմպտոմ, կամ սիմպտոմները թեթևակի են, և դրանք հարբուխի նշաններ են, որը մեր գլխավոր նպատակն է եղել՝ նվազեցնել ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի աճը և, իհարկե, մահացության դեպքերը»,- ասաց նախարարը, ապա հավելեց, որ Հայաստանն ապահովված է պատվաստանյութերի բավարար պաշարով։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների գերակշիռ մասը 35-60 տարեկան անձինք են, 65+ քաղաքացիների պատվաստումները 18-19 տոկոս է, ինչը մտահոգիչ է, քանի որ նրանք ռիսկային խմբում են գտնվում․

«Պետք է ասեմ, որ ունենք պատվաստումներ նաև մինչև 18 տարեկանների շրջանում, 12-17 տարեկանների շրջանում արդեն ունենք 1675 հոգի, որոնք ստացել են առաջին դեղաչափը, իսկ 1000 հոգի 2-րդ դեղաչափն է ստացել»։

Նախարարն անդրադարձավ նաև մահճակալային ֆոնդին․

«Առաջիկայում ունենք հստակ հիվանդանոցային կարողությունների մահճակալների ծավալման պլանը, այս պահին դեռ այն ամբողջովին չենք գործարկել, դա կանենք՝ ըստ պահանջի։ Ներկայում 6 բժշկական կենտրոններ ընդգրկված են քովիդ բուժման մեջ, և հընթացս ըստ կարիքի կծավալենք հավելյալ մահճակալային ֆոնդ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս