Ալենի ձախողված այցը

Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ կատարած այցը կարծես թե աննկատ անցավ: Այցի շատ մանրամասներ հանրությանը հայտնի չդարձան, որովհետև ըստ էության այդպիսիք չեն էլ եղել:

168.am-ի տեղեկություններով՝ հունվարի 15-20-ը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում միակ հանդիպումը, որն Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կարողացել է պոկել ի պաշտոնե, եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ:

Մենք որոշակի մանրամասներ իմացանք ԱԺ նախագահի ձեռնարկած ապարդյուն քայլերից: Պարզվում է՝ Ալեն Սիմոնյանը խիստ ցանկացել է հանդիպում ունենալ ԱՄՆ Պետդեպում, գոնե կառույցի տեղակալի մակարդակով, ինչը մերժվել է:

«Սա աննախադեպ բան է, որ որևէ երկրի Պառլամենտի նախագահ գնա ԱՄՆ ու գոնե Պետդեպում տեղակալի մակարդակով չստանա հանդիպում: Որևէ բարձրաստիճան հանդիպում չեն ունեցել նաև Սենատում. որևէ հանձնաժողովի նախագահ չի ցանկացել հանդիպել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ»,- ասաց մեր աղբյուրը:

Ինչ վերաբերում է «հայ համայնքի հետ հանդիպմանը», այն, մեր տեղեկություններով՝ կազմակերպված է եղել բացառապես յուրայինների հետ ու նրանց մասնակցությամբ: «Ներկա են եղել նախկին լևոնականներ, Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խառատյանի լոբբինգով եկած մարդիկ: Սա շատ բացասական արձագանք է գտել հայ համայնքի շրջանում: Այսինքն՝ իրականում համայնքային կառույցների հետ հանդիպում չի եղել: Մի 4-5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ են հանդիպել: Լուրջ լոբբիստական կառույցների հետ շփում չի եղել»,- ասացին մեզ:

Բացի այդ, ըստ մեր տեղեկությունների, ամերիկյան կողմը բացասաբար է արձագանքել այն փաստին, որ պատվիրակության կազմում ընդդիմությունից որևէ ներկայացուցիչ չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս