Պեկինի Օլիմպիական խաղերի ավանն ընդունել է առաջին հյուրերին
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի ավանը գործում է և արդեն ընդունել առաջին հյուրերին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ընդհանուր առմամբ, ծառայության է հատկացված 20 բնակելի շենք։ Օլիմպիական գյուղն ունի ֆիթնես կենտրոններ, փոստային բաժանմունքներ, բանկեր, ճաշարաններ (մոտ 600 ճաշացանկով), ժամանցի վայրեր, խանութներ և, իհարկե, բժշկական կենտրոններ։ Ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա հունվարի 27-ին: Չինաստան են արդեն ժամանել Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանը Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից: Դահուկավազքում կմրցեն Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, իսկ լեռնադահուկում` Հարություն Հարությունյանը: Հայաստանից Պեկինում կլինի նաև Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը: