Բաժիններ՝

«Մեքենաս կարմիր գծից դուրս եմ կայանել՝ տուգանել են». Վարորդները դժգոհում են անօրինական տուգանքներից

Ազգային ժողովը 2021 թվականի հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

Ըստ այդմ, «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութը:

Վարորդներից շատերը, սակայն, դժգոհում են, որ հաճախ լինում են անօրինական տուգանքներ, և իրենք դրա համար չեն վճարում:

«Անօրինական է կարմիր գիծը, դրա համար էլ չեմ վճարում, դա դեռ հերիք չի՝ վճարողներն էլ երբեք ազատ տեղ չեն գտնում կայանելու համար, և ամենասարսափելին, երբ վարորդը վերադառնալով տեսնում է իր մեքենան վնասված, չգիտես՝ ինչու, ոչ ոք պատասխանատվություն չի կրում սրա համար: Երբ վճարում ես, ակնկալում ես դիմացը որևէ ծառայություն ստանալ, բայց անգամ մեքենաների անվտանգությունը չի ապահովում ընկերությունը, պատահարի դեպքում էլ չի կարողանում տեսանյութ տրամադրել»,- մեզ հետ զրույցում նշեցին վարորդները:

«Կարմիր գծերի» հետ կապված մեկ այլ խնդիր էլ օրերս է առաջացել:

«Մեքենաս Խանջյան փողոցում կարմիր գծից դուրս եմ կայանել՝ տուգանել են: Հետևի շիթը, երևի 10 սմ, կարմիր գծի վրա է: Դիմել եմ Քաղաքապետարան, պատասխանել են, որ դա համարվում է, որ կարմիր գծի վրա եմ կանգնած»,- դժգոհեց վարորդներից մեկը:

Խնդրի հետ կապված զրուցեցինք նաև վարորդների իրավունքների պաշտպանների հետ, ովքեր նշեցին, որ տուգանքը սխալ է, ուստի քաղաքացին իրավունք ունի դատական կարգով վիճարկել:

Ստացվում է, որ օրենքի բացի պատճառով, թեկուզև կարմիր գծից դուրս է կանգնած մեքենան, կարող են տուգանել վարորդներին, վերջիններն էլ պետք է փորձեն ապացուցել տուգանքի անօրինական լինելը՝ ծախսելով գումար ու ժամանակ:

Ավելի վաղ զրուցել էինք նաև Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի հետ.

«Իրականում կարմիր գծերը հանված չեն, խնդիրը վարչարարությունը փոխելու մեջ է, ու վարչարարությունով այժմ պարտադիր է 15 րոպեանոց տեսանյութ: Տեսանյութ կարող է լինել, եթե կա տեսախցիկ, իսկ այս պահին տեխնիկապես Կենտրոնի հիմնական փողոցները, Արաբկիրի Կոմիտաս, Քոչար փողոցներն են կարծես կահավորված տեսախցիկներով: Այսինքն, վարչարարություն կարող են իրականացնել միայն այդ տարածքների համար: Մեր դեպքում նպատակը ոչ թե համայնքներից հանելն է, այլ նպատակ է եղել վարչարարությունն օրենքին համահունչ դարձնելը, և այն համայնքներում, որտեղ չկա տեսախցիկ, արդեն ավտոմատ չպետք է գործի վարչարարությունը: Իսկ Երևանի ավագանին կարող է հայտարարել, որ այս կամ այն համայնքներում են կարմիր գծեր գործելու, կամ այս տեղերում չի գործելու: Օրենքը պարտադրելու է, որ քաղաքապետարանը ճիշտ վարչարարություն իրականացնի»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս