Բաժիններ՝

Իրականում կարմիր գծերը հանված չեն, խնդիրը վարչարարությունը փոխելու մեջ է. Սերգեյ Ղահրամանյան

Ազգային ժողովը հունվարի 20-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

Օրենքի նախագիծն ընդունվեց 84 «կողմ» և 7 «դեմ» ձայներով: Այսպիսով՝ 10 վարչական շրջաններում կվերանան կարմիր գծերը, և այսուհետ Երևանի քաղաքապետարանն այլևս չի կարողանա տուգանել քաղաքացիներին՝ երկու լուսանկարի միջոցով: Օրենքի փոփոխությունից հետո «կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում, ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։

«Իրականում կարմիր գծերը հանված չեն, խնդիրը վարչարարությունը փոխելու մեջ է ու վարչարարությունով այժմ պարտադիր է 15 րոպեանոց տեսանյութ: Տեսանյութ կարող է լինել, եթե կա տեսախցիկ, իսկ այս պահին տեխնիկապես Կենտրոնի հիմնական փողոցները, Արաբկիրի Կոմիտաս, Քոչար փողոցներն են կարծես կահավորված տեսախցիկներով: Այսինքն, վարչարարություն կարող են իրականացնել միայն այդ տարածքների համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը՝ պարզաբանելով, որ,  օրինակ, Նոր Նորքում եթե չկա տեսախցիկ, ու օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երբ կանգնի, ու իրեն տուգանեն՝ կգնա ու կասի, որ օրենքին համապատասխան վարչարարություն չեն իրականացնում, ուստի իրենք կբեկանեն:

«Ամեն դեպքում նպատակը ոչ թե համայնքներից հանելն է, այլ նպատակ է եղել վարչարարությունն օրենքին  համահունչ դարձնելը, և այն համայնքներում, որտեղ չկա տեսախցիկ, արդեն ավտոմատ չպետք է գործի վարչարարությունը: Իսկ Երևանի ավագանին կարող է հայտարարել, որ այս կամ այն համայնքներում են կարմիր գծեր գործելու, կամ այս  տեղերում չի գործելու: Օրենքը պարտադրելու է, որ քաղաքապետարանը ճիշտ վարչարարություն իրականացնի»,- ընդգծեց Սերգեյ Ղահրամանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս